Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան ու Չինաստան

09:44 • 25.09.12

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին կայցելի Ռուսաստան և Չինաստան՝ երկու երկրների առաջնորդների հետ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով։ Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, նա հայտարարել է ՄԱԿ-ի շտաբ – բնակարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


«Ես Ռուսաստան և Չինաստան այցի հրավեր ունեմ, և սիրով կմեկնեմ այնտեղ»,- ասել է Բրահիմին՝ ընդգծելով, որ այցերի հետ կապված որոշակի սպասելիքներ ունի։

 

Մոսկվան ու Պեկինը 3 անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևերը։ Դամասկոսի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին համառում են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ։ Նրանք վստահ են, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը միանան այդ բանաձևերին, որը նախատեսում է նաև նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, ապա դա դրական ազդեցություն կունենա խնդրի կարգավորման վրա։


Բրահիմին երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Սիրիա կատարած 10-օրյա այցի արդյունքները։ Նա խոստովանել է, որ իրավիճակը երկրում շատ խրթին է, իսկ կարգավորմանն ուղղված ջանքերը փակուղի են մտել։