Բախումներ են տեղի ունեցել սիրիացի փախստականների և Հորդանանի ոստիկանության միջև

16:33 • 25.09.12

Հորդանանում Սիրիայի փախստականների և ոստիկանների միջև բախումների հետևանքով առնվազն 26 հորդանանցի ոստիկան է վիրավորվել, հայտնում է «РИА Новости»-ն: Փախստականները բնակվում են ներգաղթյալների համար նախատեսված ժամանակավոր «Զաաթարի» ճամբարում, փոխանցում է Associated Press գործակալությունը:

 

Մոտավորապես հազար փախստական, դժգոհելով կյանքի պայմաններից, այրել է վրաններից մեկը և հարձակվել Հորդանանի և Մարոկկոյի բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների վրա: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սիրիացիները նրանց վրա քարեր են նետել:

 

Աբու Նավրաս անունով փախստականներից մեկը լրագրողներին պատմել է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Հաղորդվում է, որ սիրիացիները պահանջում են որակյալ սնունդ և կրթության ապահովում իրենց երեխաների համար:

 

Ըստ գործակալության տվյալների՝ «Զաաթարի» ճամբարում, որը տեղակայված է սիրիական սահմանից ոչ հեռու, ապաստանել է Սիրիայի 32 հազ փախստական: