Տուրօպերատորնե՞ր, տուրգործակալնե՞ր, թե՞ առցանց շփում. տարբերությունների մասին

11:18 • 25.09.12

Ինչպե՞ս ենք մենք կազմակերպում մեր ճանապարհորդական ծրագրերը. վերջին պահին հապճեպ կարգով հաճախ դիմելով ընկերների, ակտիվ հանգստացողների խորհուրդներին կամ ընտրելով առավել հարմար տարբերակը տարատեսակ տուրգործակալների կամ տուրօպերատորների առաջարկների զամբյուղից:


Յուրաքանչյուր աղբյուրին էլ դիմելիս հարկավոր է հաշվի առնել և հաշվարկել հնարավոր վտանգները և խաբեության հնարավորությունները կամ առավելությունները:


Կարելի է դիմել մի շարք կազմակերպիչների, լինեն դրանք ֆիզիկական, թե առցանց, որոնք լավագույնս կկազմակերպեն հանգիստը: Այսօր արդեն գործում են մեծ, միջին և փոքր բիզնես ունեցող մի շարք զբոսաշրջային միավորներ, գործակալներ, որոնք, կարծես, հոգում են հանգստի յուրաքանչյուր մանրուքի համար:


Նախընտրում ենք ծովային հանգի՞ստ, կրուիզ լավագույն զբոսանավերո՞վ, միջին ճանապարհորդական բյուջեով հյուրանոցներ կամ հանգստյան տնե՞ր, լեռնադահուկային մարզաձևի սիրահա՞ր ենք, թե՞ ցանկանում ենք երկրպագել մեր երկրի հավաքականին այս կամ այն վայրում. ներկայիս ժամանակներում դա, հիրավի, հոգ չէ, հարկավոր է պարզապես ընտրել ճանապարհորդության նախընտրելի տեսակը և կազմակերպչին:


Լավագույն ընտրությունը կատարելու համար, նախ, հարկավոր է տարանջատել տուրգործակալներին տուրօպերատորներից: Հաճախ չենք էլ տարբերակում՝ տուրօպերատո՞ր, թե՞ տուրգործակալ: Սակայն տուրիստական ոլորտում երկուսի գործն էլ փոխկապակցված է և միևնույն ժամանակ տարանջատված:


Տուրիստական սեկտորի առաջխաղացման և զարգացման հետ մեկտեղ` կարևորվում է վերջիններիս դերը: Տուրօպերատորները հիմնականում ընկերություններ են, գնում են տուրփաթեթներ, պայմանավորվածություններ ձեռք բերում մի շարք ընկերությունների հետ ուղևորների փոխադրման, զբոսաշրջային այցերի վերաբերյալ և, այսպիսով, մատուցում հաճախորդներին նախապես գնված տուրփաթեթներ: Տուրօպերատորներն էլ իրենց հերթին փոխանցում են գնված փաթեթների առաջարկները տուրգործակալություններին, որոնք իրացնում են առաջարկը:


Տուրգործակալներն իրականացնում են տուրփաթեթների վաճառք, ինչպես, օրինակ, հյուրանոցային առաջարկներ, ավիատոմսեր, էքսկուրսիաներ: Տուրգործակալները կարող են լինել ինչպես անհատ ֆիզիկական անձինք, այնպես էլ ընկերություններ: Տուրգործակալները վերավաճառում են տուրօպերատորներից գնված տուրփաթեթները:


Վերջիններիս դրական և բացասական կողմերը բնութագրելիս` հաճախ առանձնացվում է տուրօպերատորների գերակայությունն ու կարևորությունը, քանի որ տուրօպերատորները նախապես գնում են տուրփաթեթներ, և իրենց առջև խնդիր է դրվում իրացնել տուրփաթեթը, ինչի շնորհիվ հաճախ տեսնում ենք էապես ավելի ցածր գնով առաջարկներ: Տուրգործակալների առջև ծառացած է միևնույն ժամանակ մեկ այլ խնդիր. առանց իրացման որևէ պարտավորվածությունների հաճախորդներին վաճառել շահավետ տարբերակը:


Տուրիստական սեկտորի վերլուծաբանների կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հաճախորդների գերակշիռ զանգվածը նախընտրում է գործ ունենալ անմիջապես տուրօպերատորների հետ` առանց միջնորդների: Մինչդեռ տուրգործակալներին առավել հակված դիմում է հաճախորդների այն զանգվածը, որը նախընտրում է զերծ մնալ լրացուցիչ ուսումնասիրություններից և վստահել գործակալին սեփական ուղևորության կազմակերպման հարցում:


Տուրօպերատորները, լինելով տուրփաթեթների ձևավորողներ և կազմակերպիչներ, առավել հանգամանալից են տիրապետում շուկայի լավագույն առաջարկներին, ծառայության տեսակներին, մինչդեռ տուրգործակալները կարող են առավել անհատական մոտեցում ցուցաբերել, մի ամբողջական տուրփաթեթից ընտրել մեկը, որը լավագույնս կհամապատասխանի հաճախորդի պահանջներին:


Իսկ ինչպիսի՞ դեր ունեն առցանց համակարգերը


Միջազգային աղբյուրների համաձայն` բոլորովին չեզոք: Լինեն դրանք հյուրանոցային, ավիատոմսերի, թե էքսկուրսիաների առաջարկներ` առցանց ամրագրման հարթակները ներկայացնում են նման աղբյուրներից ստացված տվյալները և հաճախորդին ընտրելու հնարավորություն ընձեռում:


Տուրիստական ոլորտի շուկայագետները նման առցանց համակարգերի առավելությունն են համարում թերևս ընտրության մեծ հնարավորությունը, առաջարկների հանգամանալից նկարագրությունը, միջնորդների բացակայությունը, արագ ամրագրման և հաստատման կարևորությունը, ինչպես նաև գործարքների կնքումը` առանց միջնորդավճարների:


Ինչպես մեջբերում են միջազգային աղբյուրները, հարցման արդյունքները ցույց են տվել, որ թվայնացված տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում հաճախորդներն առավել հաճախ ցանկանում են անձամբ տեսնել առաջարկները: Օգտվելով համացանցի հնարավորությունից` նրանք նախընտրում են համեմատել գնային սահմանները, նույնիսկ անձամբ կապ հաստատել հյուրանոցների կամ ավիափոխադրողների սպասարկման կենտրոնների հետ: Հարցման մասնակիցների այս զանգվածն ընդգծել է նաև, օրինակ, հյուրանոցների վերաբերյալ այլ հանգստացողների կարծիքներին ծանոթանալու անհրաժեշտությունը, առաջարկի հաստատման արագությունը և այլն:


Հարցման մասնակիցների մեկ այլ զանգված առանձնացրել է տուրօպերատորներին կամ տուրգործակալներին դիմելու կարևորությունը` հատկապես մեծ խմբակային հարցումների ժամանակ, ինչպես նաև ելքի արտոնագրի ձեռքբերման շուրջ հարցումների դեպքում: Ավելի մեծ տարիքային խմբի ներկայացուցիչները, օրինակ, խոսել են տուրգործակալների օգտին` պատճառաբանելով, որ խուսափում են համացանցով կատարել էլեկտրոնային գործարքներ որոշ դեպքերում համացանցից թերի օգտվելու պատճառով, իսկ որոշ դեպքերում պարզապես առավել վստահելով տուրգործակալներին: