ՀՀ նախագահի կայքը կարող տեղեկատվական բազա չէ. Վիգեն Սարգսյան

13:51 • 25.09.12

Ազգային ժողովում «2011 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, թե ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հրապարակված նախկին հայտարարությունները, ուղերձները բացակայում ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից, ինչպես նաև, ինչո՞ւ հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների մասին տեղեկությունը ներառված չէ նախագահի կայքէջում:


Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը չի կարող տեղեկատվական բազայի դեր կատարել, և դրա համար կան այլ համապատասխան կայքեր։


«Սերվերի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, բացի այդ, դրա համար պետք է առանձին քարտուղարություն պահենք, որ նույն գործը անի»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների անունների հիշատակմանը, Վիգեն Սարգսյանը նշեց, որ այդ տեղեկությունը երբեք փակ չի եղել և այդ ուղղությամբ իրենք կաշխատեն:


ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագահի ուղերձների թիվ է նշված 380-ը. «Նշանակում է, որ նախագահն ամեն օր ուղե՞րձ է ուղղել, հրամանագրեր ու կարգադրություննե՞ր արել»:


Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ դա թող բոլորովին էլ զարմանալի չթվա, քանի որ օտար պետություններին ուղղված ուղերձների թիվը միասին կարող է շատ ավելի լինել. «Աշխատանքային օրվա ընթացքում կարող է 5-6 ուղերձ լինի»,- ասաց նա:


Իսկ ինչ վերաբերում է կարգադրություններին ու հրամանագրերին, ապա, ըստ Վիգեն Սարգսյանի, օրինակ՝ կարող են դատավորի նշանակման կարգադրություններ լինել: