Մահմուդ Աբասը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ՝ հրեական բնակավայրերի կառուցման դադարեցման դեպքում
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը պատրաստ է վերականգնել Իսրայելի հետ բանակցությունները՝ միայն հրեական բնակավայրերի կառուցման սառեցման դեպքում։ Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած պաղեստինյան պատվիրակության անդամ Սաիբ Արիկատը։
Նա ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի ինքնավարության առաջնորդի ելույթը նախատեսված է հինգշաբթի։ Արիկատի խոսքով՝ Աբասը մտադիր է ՄԱԿ-ի դիտորդ երկրի կարգավիճակ խնդրել Պաղեստինի համար։
Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցություններ չեն անցկացվել 2010թ.-ի սեպտեմբերից, վիճելի տարածքներում հրեական բնակավայրերի կառուցման շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով։










