Օրենքն ինձ թույլ չի տալիս 2-րդ անգամ առաջադրվել. Ալեքսան Հարությունյան

21:22 • 26.09.12

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը այս պաշտոնում ավարտվում է գալիք տարվա փետրվարին և օրենքով նա այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք չունի:


Tert.am–ի հարցին, թե նա այլևս չի՞ պատրաստվում առաջադրվել այս ժամկետներից հետո հայտարարվելիք թափուր տեղի մրցույթին, Ալեքսան Հարությունյանն ասաց հետևյալը.«Ոչ, որովհետև իմ երկրորդ ժամկետն է ավարտվում, և օրենքն այլևս ինձ նման իրավունք չի տալիս»:


Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանը 2007–ի հունվարի վերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր ընտրվել էր 6 տարի ժամկետով, հայտարարված մրցույթով:


Նրա նախորդ պաշտոնավարման ժամկետը հաշվարկվել է 2001 թվականի հունվարի 19-ից` նույնպես 6 տարով, չնայած այդ ժամանակ խորհրդի նախագահի պաշտոնում դեռ պաշտոնավարում էր Տիգրան Նաղդալյանը, ով սպանվեց 2002 թվականի դեկտեմբերի 28-ին:


Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի «թափուր տեղի առկայության դեպքում խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ»։


Ըստ նույն օրենքի՝ թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։ Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է խորհրդի անդամ։


Ի պատասխան հարցի, թե որտե՞ղ է տեսնում իր հետագա կարիերան՝ հեռուստատեսությունո՞ւմ, թե՝ այլուր, Ալեքսան Հարությունյանն ասաց.«Չեմ պատկերացնում, քանի որ շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Երբ կավարտվի իմ ժամկետը, այդ ժամանակ կմտածեմ»:


Ալեքսան Հարությունյանը նախկինում դիվանագիտական աշխատանք է եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում և հարցին, թե հնարավո՞ր է, որ իր հետագա կարիերան շարունակի դիվանագիտական ոլորտում, Ալեքսան Հարությունյանն ասաց.«Չեմ կարծում»:


Իր երկու «ժամկետները» գնահատելու հարցում Ալեքսան Հարությունյանը սակավախոս է, քանի որ ասաց, որ դա ոչ այնքան ինքը պետք է անի, որքան հասարակությունը:


«Ինչ-որ բան հաջողվել է, ինչ-որ բաներ ոչ լրիվ կամ ընդհանրապես չի հաջողվել: Ամեն դեպքում, ես ավարտին հանդես կգամ ծավալուն, այսպես ասենք՝ հաշվետվությամբ, հավանաբար, մամուլի ասուլիսի տեսքով և այնտեղ կներկայացնեմ իմ բոլոր թվերն ու ցուցանիշները՝ կատարած և չկատարած»:


Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին՝ հարցնելով, թե նպատակահարմար չի՞ համարում դպրոցներում խթանել հայ երեխաների մեր ազգային-կրոնական-քրիստոնեական արժեքների հիման վրա դաստիարակությունը, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ միայն դպրոցը դա չի կարող անել. պետք է միանան նաև հեռուստատեսություններն ու լրատվամիջոցները:


Մինչդեռ Ալեքսան Հարությունյանը նախկինում տված հարցազրույցներում հեռուստաընկերության դաստիարակիչ դերի մասին խոսել էր որպես խորհրդային կարծրատիպից եկող մտածողության:


Tert.am–ի հետ զրույցում Ալեքսան Հարությունյանը ճշգրտեց, որ իր կարծիքը ամենևին էլ բացասական չի, պարզապես այդ ասելիս նկատի է ունեցել, որ կա լրատվամիջոցների միջև մեծ մրցակցություն:


«Եթե լիներ մեկ հեռուստատեսություն և այլ ոչ մի էլեկտրոնային միջոցներ և այլ հեռուստաընկերություններ, բնականաբար, հնարավոր կլիներ, ստիպված բոլորն այդ կնայեին և հնարավոր կլիներ այնտեղ ավելի մեծ դաստիարակչական նշանակության նյութեր եթեր արձակել: Բայց, միևնույն ժամանակ, հեռուստաընկերությունը ոչ միայն դաստիարակչական նյութեր է եթեր հեռարձակում, այլ լուրեր, հաղորդումներ և զվարճալի հաղորդումներ»,-ասաց Ալեքսան Հարությունյանը։


Հիշեցնենք, որ վերջերս Հանրային պալատի անդամներից Հովհաննես Մուսայելյանը հայտարարել էր, որ հեռուստաեթերի կարգավորման խարտիա ստորագրելուց հետո հեռուստաընկերություններն ավելի վատ եթեր են ցուցադրում. ավելի շատ արյուն ու բռնություն է ավելացրել։ Նա նաև նշել էր, որ մասնավոր հեռուստաընկերություններին այս հարցում պետք է օրինակ ծառայի Հանրայինը:


«Մենք պիտի քննարկումներ անենք Հանրային խորհրդի հետ և շատ բարձրացված հարցեր կան և՜ մեր մասով և,առհասարակ, հեռուստաեթերի մասով: Կարծում եմ՝ դա առողջ գործընթաց է, և քննարկումները, հատկապես Հանրայինի մասով միշտ պետք է լինեն»,-ասաց Ալեքսան Հարությունյանը՝ նկատելով, որ կոնկրետ բռնությունների մասով իրենց մոտ նման խնդիր չի դրվել, և Հանրային «կրիմինալ» չի ցուցադրում: