Ազգային ավիափոխադրողը հաստատում է «Արմավիայի» վաճառքի մասին լուրերը

11:19 • 26.09.12

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադրություն ունի վաճառել ընկերությունը, և հավակնորդները երկուսն են մեկ իտալական և մեկ այլ ընկերություն, որի վերաբերյալ «Արմավիա»–ից մանրամասներ դեռ չեն հայտնում:


«Այո, նման մտադրություն կա, և դեռ վերջնական որոշում չկա՝ դրանք կլինեն իտալացինե՞րը, թե ուրիշները»,-Tert.am–ին հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել «Արմավիա» իտալացիներին և որ նրանց ներկայացուցչին նույնիսկ ներկայացրել է ընկերության աշխատակազմին:


«Հայտնի է, որ ողջ համաշխարհային ավիացիան երեք տարուց ավելի է՝ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, և գրեթե բոլոր ավիաընկերությունները աշխատում են վնասով: Այդ իսկ պատճառով, պատճառներից մեկն այն է, որ «Արմավիան» շահութաբեր չէ»,– ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունն արդեն երկու անգամ մի քանի ժամով կասեցել էր չվերթների սպասարկումը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններին» ունեցած պարտքերի պատճառով, որի մարման ժամանակացույց սահմանվել էր «Զվարթնոցի» և «Արմավիայի» միջև տարվող բանակցությունների արդյունքում:

 

Վերջին անգամ, սակայն, «Արմավիան» նշել էր, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններին» գումարը չէր փոխանցել աշխատանքային և տոնական օրերի պատճառով: