Հայաստանում 12–ամյա կրթակարգն այլընտրանք չունի. Արմեն Աշոտյան

17:10 • 26.09.12

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում գերատեսչությունների ոլորտային քննարկումների ժամանակ հայտարարեց, որ բարեփոխումների իմաստով ԿԳ նախարարության համար 2011-ը բովանդակային տարի է և ավելացրեց, որ եղել 12-ամյա կրթակարգին այլընտրանք չկա։


«Մենք անցանք 12-ամյա կրթակարգին, առաջին անգամ ունենալով 12–րդ դասարան: Նոր կրթակարգ, որի սկզբնավորման տարեթիվը 2006-ն էր»,- նշեց նախարարը՝ ևս մեկ անգամ հավելելով, որ անհիմն է ու մասնագիտական տեսանկյունից որևէ փորձաքննություն չեն անցնում այն պնդումները, թե այս կրթակարգն իրեն չի արդարացնում:


«12–ամյա կրթությունը Հայաստանում այլընտրանք չունի: Սա եվրոպական կրթական տարածքում լիարժեք ինտեգրվելու միակ հնարավորությունն է մեր երեխաների համար»,- ասաց նախարարը։


«Ուրիշ բան է, որ այս կրթության համար նախատեսված դասագրքերն ունեն վերանայման կարիք, և այստեղ ես համաձայն եմ մեր քննադատների հետ»,– ավելացրեց նա:


Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ անցած տարվա ընթացքում ԿԳՆ–ն առաջին անգամ իրականացրել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթաց, որը պետք է տևական լինի և իրականացվի հինգ տարին մեկ:


Նախորդ տարի նախարարությունն 9 ավագ դպրոցներում իրականացրել է կապիտալ շինարարություն, Հայաստանում բացվել է համապատասխան միջազգային ճանաչում ունեցող առաջին միջազգային դպրոցը, որի աշակերտները տասը դիպլոմներ են բերել ամենահեղինակավոր միջազգային օլիմպիադաներից, և վերջապես, հիմնահատակ լուծվել է դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը, ասաց նախարարը:


Այսինքն՝ 250 դպրոցներ ապահովվել են 2500 համակարգիչներով՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ու քաղաքական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում:


Նախարարը հպարտությամբ հավելեց, որ նախորդ տարի ստացել են «Ոսկե բանալի» մրցանակ՝ ՀՀ-ում ամենաթափանցիկ գերատեսչությունը լինելու համար:


2011թ. պետբյուջեով ՀՀ կրթության և գիտության նախարարության համար նախատեսված ծախսերը փաստացի իրականացվել են 99 %-ով, իսկ մեկ տոկոսի տարբերությունը պայմանավորված է աշակերտների ու ուսանողների թվի ճշգրտմամբ (պարզվել, որ իրական և ներկայացված թվերի միջև որոշակի տարբերություններ են եղել), նախարարության շինանրարական կարիքների և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող վարկային ծրագրում որոշակի խնայողություններով: