Չելսիի խաղացողներին թալանել են
«Չելսիի» ֆուտբոլիստներն օրը ցերեկով, սեփական մարզաբազայում պարապմունքի ժամանակ կողոպուտի են ենթարկվել: Արդյունքում գողացվել է 6 դրամապանակ, 9 բջջային հեռախոս և մի քանի ժամացույց,-հայտնում է «Daily Mail»-ը: Միջադեպը տեղի է ունեցել ակումբի՝ Կոբհամում գտնվող մարզաբազայում: Լուրը հաստատել է ոստիկանությունը, որին ներկայացվել են հսկիչ տեսախցիկներով արված նկարահանումները:
-Լուսանկարները հաստատում են, որ ակումբի հետ որևէ առնչություն չունեցող անհայտ կողոպտիչը ներթափանցել է մարզաբազա: Մեր աշխատակիցներից ոչ ոք չի կասկածվում, իսկ հանցագործի համար թիրախ են հանդիսացել ևս մի քանի հաստատություններ, որոնք գտնվում են մեր ուսումնական կենտրոնի մերձակայքում,-հայտարարել է «Չելսիի» մամուլի քարտուղարը:
Դա եզակի դեպքը չէ քրեական միջադեպերից, որի մեջ հայտնվում է լոնդոնյան ակումբը: Ավելի վաղ, այս տարի ակումբի ակադեմիայի հանդերձարանում դանակ էին գտել: Այնուհետև ակումբից վռնդել էին տաղանդավոր ֆուտբոլիստ Յակոբ Մելիսին, ով մարզումների բազայում ծխաբեր ռումբ էր վառել: Եվ, վերջապես, ակումբի մի քանի աշխատակիցներ վնասել էին չեմպիոնների Գավաթը՝ դրա հետ առանց թույլտվության լուսանկարվելու փորձի ժամանակ:










