«Սիվիլիթասի» հայցի մասով Վերաքննիչ դատարանը վճիռ կկայացնի վաղը
Փողերի լվացման հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործը վերացնելու մասին նույն հիմնադրամի վերաքննիչ բողոքի մասով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած այսօրվա նիստը նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանն հայտարարեց, որ հիմնադրամի հայցի մասով վճիռը կկայացավի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:45-ին:
Դատարանի դահլիճում ԱԱԾ-ի քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, թե «Սվիլիթասը» պետք է երախտապարտ լինի ԱԱԾ–ին, որը հետաքրքրված է հիմնադրամի գումարներով։
«Սիվիլիթաս» հիմնադրամը պետք է շնորհակալություն հայտներ, որ հիմնադրամի միջոցների համար Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է և քրեական գործ է հարուցել, պարզելու համար, թե հիմանադրամին ինչքան վնաս է հասցվել»,- ասաց նա։
Ըստ Միքայել Համբարձումյանի՝ հիմնադրամին գումարային 1,5 մլն դոլարի վնաս է հացվել, քանի որ նվիրատուի անունից առ այսօր այդ փողը չի փոխանցվել:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանից պահանջել էր վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը: Այսօր հիմնադրամը բողոքարկում էր փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը:
«Սիվիլիթասի» ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ բողոքի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ներկայացնելով փողերի լվացում դրանով արատավորել են հիմնադրամի և նրա տնօրեն Սալբի Ղազարյանի բարի համբավը:
Ըստ փաստաբանի՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների մասին պնդումները հիմնված են բացառապես ենթադրությունների վրա։
Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն էլ հարց բարձրացրեց, թե պետությունն ինչու է միջամտում իրավաբանական երկու անձանց մասնավոր գործին:
«Եթե խոսում եք մեր շահերի մասին, պետք է զգուշացնեմ, որ եթե նվիրատուն մինչև այսօր հասկանում է և գիտակցում է մեր նպատակները, ինչու է պետությունը մտնում այս ամենի մեջ»,- ասաց նա և ավելացրեց, որ ԱԱԾ ներկայացուցիչը շեղվում է իրենց բարձրացրած հարցից:
«Այն որոշումը, որի հիման վրա սկսեց, այնտեղ փողերի լվացման մասին էր խոսվում, դրա մասին քննիչը ոչինչ չասաց: Մեր խնդրանքն այն է, որ դրանք ընդհանրապես պետք է վերացվի, քանի որ փաստ չկա»,- ընդգծեց Սալբի Ղազարյանը:
Դատախազ Հովսեփ Սարգսյանը հիմնադրամի տնօրենին տեղեկացրեց, որ պետությունը մասնավոր իրավաբանական անձանց հետ գործ ունի այնքանով, որքանով օրենքն է թույլ տալիս:
«Ասեմ, որ գործ ունի, որ բոլոր բարեգործությունները ձևավորվում են օրենքով, և ամեն մեկը չի կարող վեր կենալ և բարեգործություն անել: Հուսամ ձեր հարցը փիլիսոփայորեն էր, քան առարկայական»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հիմնադրամի համբավի արատավորմանը, ապա, ըստ դատախազի, փողերի լվացում լինում է քողարկված, բայց թափանցիկության անվան տակ:
«Բացի այդ, որևիցե մեկը չի ասել, որ հիմնադրամի գործունեությունը հանցավոր է կամ թե փողերի լվացում է այնտեղ կատարվում: Գործում չկա նման որևէ տող, որ կարող է ինչ-որ կերպ նման եզրույթ ունենալ»,-ասաց նա՝ հուշելով, որ փողերի լվացման մասին միայն կասկած է եղել, ուստիև եզրակացրեց, որ պետության միջամտությունն օրինական է, իսկ դատարանի որոշումը՝ հիմնավոր:










