Երկու հզոր պայթյուն Դամասկոսի կենտրոնում. տասնյակ զոհեր (լուսանկարներ, տեսանյութ, տարբերակ 4)
Երկու հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում, հայտնում է լիբանանյան Al Manar հեռուստաընկերությունը:
Աղբյուրը նշում է, որ պայթյունները տեղի են ունեցել այսօր առավոտյան, Օմայանների հրապարակում: Այլ տվյալներով պայթյուններից մեկը գրանցվել է Աբու Ռամանա թաղամասում:
Twitter-ում ականատեսները հայտնել են, որ թիրախը եղել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը: Նրանք պնդում են, որ դա ամենահզոր պայթյունն է եղել, որը լսել են Սիրիայի տևական ու արյունալի հակամարտության ընթացքում: Հաղորդվում է նաև պայթյունի վայրում կրակոցների մասին: Ականատեսներից մեկը, սակայն, հայտնում է, որ թիրախը նախագահ Բաշար ալ-Ասադի նստավայրն է եղել:
Ըստ աղբյուրի՝ նախարարության շենքն այրվում է:
Մյուս թիրախը եղել է Սիրիայի բանակի գլխամասային գրասենյակի շենքը:
Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ-Զուբին հայտնել է, որ կան միայն նյութական վնասներ, ռազմական առաջնորդների շրջանում զոհեր չկան: Սակայն Russia Today-ը հայտնում է «մի քանի զոհերի» մասին:
Սիրիայի Ազատ բանակը, ընդհակառակը, հայտնում է «տասնյակ» զոհերի մասին: Հենց այս կառույցն է ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ երեկ պայթյուն էր որոտացել Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին գտնվող դպրոցներից մեկի շենքի մոտ, որն այժմ որպես զորանոց է ծառայում Սիրիայի հատուկ ծառայությունների և կառավարամետ զինյալների համար:










