Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհակալական նամակ է հղել ԵԽ նախագահին

13:02 • 26.09.12

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը շնորհակալական նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, որում արտահայտում է իր գոհունակությունը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԵԽ նախագահի հնչեցրած հայտարարության առնչությամբ:


Ստորև ներկայացնում ենք նամակը.

 

Մեծարգո Տիար, Ձերդ վսեմության հայտարարությունը՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ հնչեցրել եք Եվրամիության (ԵՄ-ի) հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն պատճառեց նույն ցեղասպանության հետևանքով իր պատմական հայրենիքից զրկված և աշխարհով մեկ սփռված հայությանը, ինչի առիթով մեր խորազգաց շնոհակալություններն ենք ուղղում Ձեզ:


Ուզում ենք շեշտել, որ դուք Եվրոպական ընտանիքի մեջ Թուրքիայի ինտեգրումը պայմանավորելով Հայոց Ցեղասպանության ընդունմամբ, ոչ միայն հարգել եք համաեվրոպական արժեքները, այլ Ձեր հայտարարությամբ շեշտել եք ընդհանուր մարդկային արժեքների գերակայությունը, ազատությունը և դեմոկրատիան: Մի բան որ այսօր էլ, ցավոք, դեռևս ոտնահարվում է Օսմանյան կայսրության վերականգման մարմանջով տարված Թուրքիայի կողմից:


Ակնկալելով, որ համաեվրոպական կառույցները, թեկուզ հապաղած, սակայն հայության դեմ իրագործված զարհուրելի եղեռնի և հայրենազրկության նկատմամբ կստանձնեն իրենց պատմական պատասխանատվությունը և, հայությանը հետ կվերադարձվի իր կորցրած հայրենիքը՝ համաձայն 1920 թվականի օգոստոսին ՍԵՎՐ-ում կնքված միջազգային դաշնագրի:


Կրկին անգամ Եվրոպայի Հայերի Համագումարի անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ:

 

Լավագույն Մաղթանքներով
Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ