Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցվեց Գուրգեն Մարգարյանի հիշատակին

15:38 • 26.09.12

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի 34–րդ տարեդարձի առթիվ նրա հիշատակը հարգելու համար այսօր «Եռաբլուր» պանթեոն էին այցելել բազմաթիվ համալսարանականներ ու դպրոցկաններ: 


Նրանց մեջ էին նաև Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի սաները, ովքեր «Ո՞ւր է արդարությունը», «Ստել՝ նշանակում է դադարել մարդ լինելուց», «Ոճրագործ» և այլ գրություններով պաստառներ էին պարզել։ Եռաբլուր այցելածները ծաղիկներ դրեցին հայ սպայի շիրիմին և լռությամբ հագեցին նրա հիշատակը:


Հիշեցնենք. 2004թ-ին Բուդապեշտում կազմակերպված ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածներով սպանել էր նույն դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով ևս Եռաբլուրում էր, նշեց, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով Ադրբեջանի իշխանությունները կրկին ցույց տվեցին, թե ինչերի են ընդունակ։


«Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր վարքագիծը, իր տեսակը: Համոզված ենք, որ մարդու նկատմամբ նման բան անողը՝ չի՛ ապրելու: Այսօր մենք եկել ենք ցույց տալու հայորդու մեծությունը: Հետագայում պետք է մեծ զգոնություն ունենալ, հասկանալու, թե ինչպիսի տրամադրություն ունեն մեր հարևանները մեր ազգի, հայ զինվորականի նկատմամբ»,- ասաց նա:


Այստեղ էր «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը, ով նշեց, որ եթե Ադրբեջանում սովորական մարդասպանը դառնում է հերոս, ապա հասկանալի է, որ Արցախի ժողովուրդը երբեք որևէ առնչություն չի ունեցել Ադրբեջանի հետ և չի կարող լինել նրա տիրապետության տակ:


«Մենք պետք է համախմբված լինենք մեր բանակի շուրջ: Բանակն է մեր ինքնիշխանության, անվտանգության միակ երաշխիքը»,– ասաց նա:


«Սաֆարովը սպանեց հայ սպային, որովհետև հակահայկական քաղաքականություն իրականցող երկրների միակ վախը հայկական բանակն է: Հե՛նց այդ պատճառով է, որ մենք պետք է միասին լինենք ու համախմբվենք բանակի շուրջը»,-ավելացրեց նա և նշեց, որ առաջիկայում Եռաբլուրում կազմակերպվելու է ծառատունկ՝ ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի:


Ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն Ժոռա Հովհաննիսյանը, ով ընդամենը 3 օր առաջ է վերադարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից և 10-րդ անգամ դարձել չեմպիոն, իր ոսկե մեդալը նվիրեց Գուրգեն Մարգարյանի մորը։


«Ես եզրափակիչ խաղում հաղթանակ տարա թուրքի նկատմամբ ու Բուդապեշտում բարձրացավ հայոց եռագույնը և հնչեց մեր Հայաստանի հիմնը»,- ասաց աշխարհի չեմպիոնը:


2006թ. ապրիլին մարդասպան Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց վճիռը բողոքարկելու իրավունքի: Մինչդեռ 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանի իշխանություններին հանձնվեց մարդասպան Սաֆարովը, ում Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց ու արժանացրեց ազգային հերոսի կոչման: