Աթենքում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների (լուսանկարներ)
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 24-ժամյա համազգային գործադուլի շրջանակում անցկացվող բողոքի ցույցերը, որոնք ուղղված են տնտեսական խիստ միջոցառումներին և կենսամակարդակի նվազեցմանը, վերաճել են իրավապահների հետ բախումների, հայտնում է BBC-ն:
Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցների դեմ, ովքեր սկսել են ոստիկանների ուղղությամբ դյուրավառ հեղուկով շշեր և քարեր նետել:
24-ժամյա գործադուլն ուղղված է կառավարության կողմից 11.5 մլրդ եվրոյի խնայողության ծրագրի դեմ։ Ծախսերի կրճատումը նախապայման է հերթական ֆինանսական օգնությունը՝ 31.5 մլրդ եվրո, Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալու համար: Առանց այդ վարկի, երկիրը կհայտնվի սնանկացման եզրին:
Գործադուլի շրջանակում բողոքի ցույցեր են անցկացվում երկրի տարբեր քաղաքներում:
«Պայքարե՛ք, մարդիկ, նրանք ձեր արյունն են խմում»,- բղավում են բողոքի ակցիայի մասնակիցները:










