Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան

09:11 • 26.09.12

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան 34-րդ տարեդարձը, որի առիթով Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր:


Երթը մեկնարկելու է Եռաբլուրի ներքևի հատվածից, և մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին:


Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնում է զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։


2004 թվականի փետրվարին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի«գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին, հասցնելով 16 կացնի հարված դեմքին։


2006թ.-ի ապրիլին Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: Սաֆարովին շնորհվել էր մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան: