Մշակույթի նախարարության «ձեռքերը հասնում են» հուշարձանների վերականգնման կարևոր հիմնախնդիրներին

18:42 • 26.09.12

Հայաստանի և Իտալիայի, նաև Ճապոնիայի կառավարությունների միջև նախորդ տարի կնքված և արդեն ուժի մեջ մտած ու իրականացվող համաձայնագրերի արդյունքում, Մշակույթի նախարարության ձեռքերը հասնում են բաների, որոնց առաջ չէին հասնում ու չէին էլ հասնելու. այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս նկատի ուներ այն, որ ժամանակին ֆինանսական միջոցները չէին բավարարում հուշարձանների վերականգնման համար մասնագիտացված կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արվեստի գործերի վերականգնողական կենտրոններ ունենալուն:

 

Շնորհիվ Իտալիայի կառավարության հետ կնքված համաձայնագրի, որի նպատակն է տեխնիկապես աջակցել տեղական մշակութային ժառանգության պահպանմանը, Ճարտարագիտական համալսարանում դասավանդվում է «հուշարձանների վերականգնում» առարկան, նաև գործում է մագիստրատուրա:

 

«Նախատեսվում են նաև դասընթացների կազմակերպում Ճարտարապետության ոլորտում ղեկավարների ու բանվորական անձնակազմի վերապատրաստման նպատակով»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ կգործի նաև համապատասխան դպրոց- արհեստանոց:

 

«Շատ կարևոր է այդ գործընթացներում ներգրավել մասնավոր հատվածին, որովհետև գիտենք, գերադասում էին նոր եկեղեցիներ կառուցել, քան անդրադառնալ դրանց վերականգնմանը»,- ասաց Մշակույթի նախարարը:

 

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի՝ ժամանակին արված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 10-րդ դարի ճարտարապետական հուշարձան Վահանավանք համալիրի ճակատային մասը վերականգնվել էր տրավերտին և բազալտ քարատեսակներով, իսկ գմբեթը ծածկվել էր կարմիր կղմինդրով:

 

Նույն համաձայնագրի շրջանակներում Հայաստանում պետք է ստեղծվեն չորս վերականգնողական կենտրոններ, որոնցից երկուսը, որմնակարների և հուշարձանների վերականգնման կենտրոնները, գործում են արդեն. առաջինը՝ «Էրեբունի» թանգարանի բազայի վրա:

 


Հայաստանի ազգային պատկերասրահում կգործեն նաև գեղարվեստակա կտավի, իսկ Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղների վերականգնման կենտրոններ:


Հասմիկ Պողոսյանը մանրամասնեց նաև, թե ինչ են հասկանում «կենտրոն» ասելով.«Հասկանում ենք տեխնիկական նոր վերազինվածություն, կադրերի պատրաստում արտերկրում և համապատասխան բոլոր պարագաների առկայություն»:

 


Ճապոնիայի կառավարության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում պետք է ստեղծվի տարածաշրջանային մեկ այլ՝ շատ կարևոր, հնագիտական իրերի վերականգնման կենտրոն:

 


Օձունի եկեղեցու վերականգնումը ևս ընթանում է նշված պայմանագրերի շրջանակներում:


Նախարարի տվյալներով՝ 2011 թվականին վերականգնվել է մեկ պատմական և երկու ժամանակակից որմանկար:

 

Նախարարությանը հաջողվել է նաև Ռուսաստանից Հայաստան բերել Հովհաննես Այվազովսկու՝ 25 տարի շարունակ կորած համարվող, կտավներից մեկը: