Մշակույթի նախարարը նպատակահարմար չի համարում գեղարվեստական գրականությունն ազատել ԱԱՀ-ից

18:57 • 26.09.12

Մշակույթի նախարարը նպատակահարմար չի համարում գեղարվեստական գրականությունն ազատել ավելացված արժեքի հարկից: Այս մասին նախարարն ասաց այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե նպատակահարմար չի՞ համարում գեղարվեստական գրականությունն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես դա արվում է Գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներում տպարգրվող գրականության պարագայում:

 

«Մանկական, գեղարվեստական գրականությունը բովանդակային առումով շատ կարևոր է մշակույթի համար, բայց այսօր բիզնես ոլորտում է գտնվում: Եվ այս իմաստով, երևի թե այնքան էլ նպատակահարմար չեմ գտնում»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ ի տարբերություն գեղարվեստական գրականության, գիտական գրականությունը գրախանութներում չի վաճառվի:

 

Նախարարը հավելեց, որ շահագրգիռ շրջանակների հետ երկար քննարկումներ են արել Ֆինանսների նախարարությունում ու Կառավարությունում, ուսումնասիրել են ավելացված արժեքի հարկի ամբողջ շղթան և առայժմ ձեռնպահ են մնում փոփոխություններ անելուց:

 

Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ իր այս պատասխանով նախարարն ընդամենն արձանագրում է, որ ԳԱԱ-ն ունի մենաշնորհ և հավելեց, որ ցանկացած մենաշնորհ ցանկալի չէ: