Հայ երաժիշտը Սաֆարովի հարցով բաց նամակ է հղել ադրբեջանցի գործընկերներին
Դիրիժոր Վարդան Հակոբյանն այսօր ֆեյսբուքյան իր անձնական էջում բաց նամակ է տեղադրել, ուղղված ադրբեջանցի գործընկերներին, որում նրանց կոչ է անում մնալ համամարդկային արժեքների, այլ ոչ քաղաքականության դաշտում:
«Մենք՝ երաժիշտներս, ունենք ընդհանուր աշխարհ, որտեղ քաղաքականությունը տեղ չունի, որտեղ կան միայն բարոյական ու համամարդկային արժեքներ: Հույսով եմ՝ կլսեմ Սաֆարովի հերոս կերպարի ձեր դատապարտող հայտարարությունները, և մենք դրանից հետո հնարավորություն կունենանք կառուցելու նոր հարաբերություններ»,– գրել է դիրիժորը:
«Եթե դա չեն կարողանում անել դիվանագետները, կանենք մենք՝ երաժիշտներս»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ կոչ է անում, որպեսզի արվեստագետ ադրբեջանցիները բարձրացնեն հասարակ ադրբեջանցու վարկանիշը հանրության առաջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանի իշխանություններին հանձնվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց և արժանացրեց ազգային հերոսի կոչման:
Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարվա ընթացքում վճիռը բողոքարկելու իրավունքի:
Երաժիշտ Վարդան Հակոբյանը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման օրվանից մինչ օրս սպասում է Ադրբեջանի մտավոր խավի արձագանքին՝ իշխանությունների կողմից «Սաֆարովին որպես հերոս օծելու վերաբերյալ»:
Հայ երաժիշտն այսօր էլ չի հավատում, որ ողջ Ադրբեջանում մարդասպանը կարող է որպես ազգային հերոս ընկալվել, այն դեպքում, երբ այդ «հերոսը» սպանել է իր գործընկերոջը՝ քնած ժամանակ:
«Քնած մարդուն սպանելը նույն է, թե երեխա սպանես: Ինչը՞ կարող է այդտեղ հերոսություն համարվել: Ավելին, ես կասեի դրանով բացահայտել է իր թուլությունն ու վախը նրանում, որ արթուն ժամանակ ռիսկ չի արել հարձակվել կամ ինչպես առաջներում էին անում՝ հրավիրել դուելի: Զինվորականին անվայել պահվածքով այդ նախկին սպան չի կարող լինել հերոս որևէ հասարակության մեջ»,- գրել է Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ զինվորականի ասպետական պահվածքի կանոնները մեզ մոտ դրված են եղել դեռ հայ ազգային էպոսի մեջ:
Հայ երաժիշտը նկատում է նաև, որ եթե Սաֆարովին Ադրբեջանի իշխանություններին վերադարձնելը կարող է ադրբեջանցիների կողմից համարվել ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ, ապա նրան ներում շնորհելն, ընդամենը, Ալիևի փոշիացած վարկանիշը բարձրացնելու էժանագին փորձ էր, իսկ նրա նման մարդուն հերոսացնելը փաստում է այն մասին, որ այդ հասարակության մեջ խնդիրներ կան:
«Կացնային դիվանագիտությունը մեզ տանելու է փակուղի: Ի վերջո, մենք ապրում ենք կողք կողքի, դա է մեր աշխարհագրական դիրքը: Եվ ինչքան շուտ մենք դա գիտակցենք, այնքան ավելի շուտ կազատվենք հավերժ թշնամի մնալու մտքից»,– գրել է նա:
«Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ բազմաթիվ ադրբեջանցիներ պարսական կամ թուրքական անձնագրով գալիս են Հայաստան՝ տարբեր գործերով: Դրանց մի մասը բիզնես պլաններով է գալիս, մի մասն էլ հանգստանալու կամ սեփականություն գնելու նպատակով: Այսօր Երեւանի փողոցներում կարելի է լսել և՛ թուրքերեն, և՛ նույնիսկ ադրբեջաներեն խոսակցություններ, և ոչ մեկի մտքով չի անցնում սպանել նրանց հե՛նց միայն նրա համար, որ նա թուրք կամ ադրբեջանցի է»,- ավելացրեց հայ երաժիշտ Վարդան Հակոբյանը:










