ՀՀ փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին. խոսվել է ՏԻՄ ընտրություններից

16:33 • 26.09.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:


Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Փոխվարչապետը նախ շնորհավորել է տիկին Հիլիարդին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

 

Կողմերն անդրադարձել են վերջին ՏԻՄ ընտրություններին: Փոխվարչապետը նշել է, որ դրանք անցել են կազմակերպված, հանգիստ պայմաններում, գործող օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Այս տարի 697 համայնքում անցկացված ղեկավարի ընտրությունների արդյունքում փոխվել է համայնքապետերի մոտ 20 տոկոսը:

 

Նա հյուրի խնդրանքով նաև մանրամասներ է ներկայացրեց առաջիկա տարիներին ՏԻ ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին:

 

Նշելով, որ ՄԶԳ -ն ՀՀ կառավարության կարևոր գործընկերներից է` փոխվարչապետը հատկապես, անդրադարձել է տարածքային կառավարման և ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին` հույս հայտնելով, որ այդ ուղղությունը կշարունակի մնալ ՄԶԳ օրակարգում:

 

Նա տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրներն առաջնային են կառավարության համար:

 

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» ընթացքից, ինչպես նաև յուրահատուկ համարել ՄԶԳ ծրագրերը, որոնք գլոբալ խնդիրներին զուգահեռ`նաև գործնական հարցերի լուծման բաղադրիչ են ներառում:

 

Քարեն Հիլիարդն իր հերթին արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Նա նշել է, որ տեղական մակարդակում տնտեսական և քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ բացի «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրից, ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր: