ՄԱԿ-ում Միխեիլ Սաակաշվիլիի ելույթն ուղեկցվել է ամերիկաբնակ վրացիների բողոքի ակցիայով

12:41 • 26.09.12

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ելույթն ուղեկցվել է նրա հրաժարականը պահանջող բողոքի ակցիայով, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

ՄԱԿ-ի շտաբ- բնակարանի դիմաց անցկացվող ցույցին մասնակցել է ավելի քան 100 մարդ՝ մեծամասամբ վրացիներ, ովքեր բղավել են «Սաակաշվիլի, մարդասպան», «Ավազակին ենթարկել պատասխանատվության» և ձեռքերում պահել նախագահի նկարը՝ պատկերված արյունոտ ձեռքերով:

 

Միևնույն ժամանակ Սաակաշվիլին ամբիոնից հայտարարել է այն մասին, որ Վրաստանն իր կառավարման տարիներին դարձել է «ժողովրդավարական պետության օրինակ»՝ հանցագործության և կաշառակերության ցածր մակարդակով:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Անտոն Ջամաձեն, կոչ է արել չհավատալ Սաակաշվիլիի խոսքերին: «Վերջին 8 տարիների ընթացքում այս ավազակը, ով իր ժողովրդին պահել է վախի մեջ, սուտ է խոսում, և հավատալ նրան կարող է միայն հիմարը: Այն մարդիկ, ովքեր իրականում գիտեն, թե ինչ է անում այս մարդը, հիանալի հասկանում են, թե ինչ վտանգ է նա ներկայացնում»,- ասել է նա:

 

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ՄԱԿ-ը, Սպիտակ տունը, Պենտագոնը և անձամբ Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը դադարեն շոյել մի մարդու գլուխը, ով կործանել է իր երկիրը և պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Մենք արժանի չենք նման նախագահի»,-հավելել է Ջամաձեն: