ԱԱԾ–ն լավ կանի «Սիվիլիթասի» փոխարեն զբաղվի Սաֆարովի գործով. Սալբի Ղազարյան
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Ազգային անվտանգության ծառայությանը խորհուրդ է տալիս զբաղվել ոչ թե «Սիվիլիթասիn» մեղադրանքներ առաջադրելով, այլ՝ կոնկրետ գործերով:
«Ես ունեմ մեկ հարց. Արդյո՞ք ավելի լավ չէր լինի, եթե ԱԱԾ-ն զբաղվեր, օրինակ՝ Սաֆարովի գործով, որի մասին 2011թ-ից սկսած ադրբեջանական հեռուստաընկերություններով հայտարարվում էր, թե նրան ազատ արձակելու կարելիություն կա»,– «Սիվիլիթասի» գործով դատավարությունից հետ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Արդյո՞ք ավելի օգտակար չէր լինի, եթե զբաղվեին նախագահի՝ հենց անցած շաբաթ մատնանշած մյուս մեծ գործերով և չզբաղվեն կեղտոտ՝ փողերի լվացման գործով, երբ իրենք հենց ներսում կեղտոտ փողերի մասով չեն խոսում»,- ավելացրեց հիմնադրամի տնօրենը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազգային անվտանգության քննչական վարչությունում «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցել՝ փողերի լվացման հատկանիշներով։ Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 18-ին մերժել էր «Սիվիլիթասի» հայցը, որով այն պահանջում էր անվավեր ճանաչել Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործ հարուցելու մասին որոշումը։
Սալբի Ղազարյանը հետաքրքրվեց, թե Հայաստանի Հանրապետության համար արդյո՞ք «Սիվիլիթասը» կամ Վարդան Օսկանյանն են, որ իսկապես վտանգ է ներկայացնում:
«Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ-ն հսկայական պարտավորություն ունի իմ անվտանգությունը պաշտպանելու համար: Արդյո՞ք այսօր «Սիվիլիթասը» կամ Վարդան Օսկանյանն է այն վտանգը, որ սպառնում է ՀՀ-ի անվտանգությանը»,- հարցեց նա:
Սալբի Ղազարյանի խոսքով՝ ՀՀ օրենքով անհատ քաղաքացիները և այլ ձեռնարկությունները իրավունք ունեն անկախ աշխատելու, մինչդեռ ըստ նրա, դա փաստացի չի թույլատրվում:
«Եթե կառավարության որևէ օղակը կարող է առավոտյան արթնանալ և որոշել, որ այսօր պիտի գամ քո շահերը պաշտպանեմ՝ քո կանոնադրությունը լավը չէ, քո տնօրենը լավ չի աշխատում, քո խորհուրդը ճիշտ որոշումներ չի կայացնում։ Ուրեմն ո՞նց հասկանանք, որ սա հասարակական կազմակերպություն է և ոչ պետական: Որտե՞ղ մնաց այդ անկախությունը»,- ասաց նա:
«Սիվիլիթասի» տնօրենը բացատրում է, որ հիմնադրամ չի մուտքագրվել 1,5 մլն դոլար, սակայն այդ փողերի մեծ մասն օգտագործել է և ծախսվել է թե ՛ հիմնադրամի խորհրդի իմացությամբ և թե՛ տնօրենի և նվիրատուի իմացությամբ:
«Նպատակը մուտքագրելը չէր, այլ նվիրատուն տվել էր փողը հիմնադրին, ասել էր Վարդան Օսկանյանին, որ օգտագործեք այնպես և այն ժամկետներով, ինչպես դուք հարմար կգտնեք, ըստ ձեր հայեցողության»,- բացատրեց նա:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Կենտրոն և Նոր Նորք ընդհանուր իրավասությունների դատարանից պահանջել էր վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը: Այսօր հիմնադրամը
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում էր փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը, որի մասին վճիռ կկայացվի վաղը՝ սեպտեմբերի 27-ին:










