«Միասնության օր» Սևանա լճի ափին
Սևանա լճի ափին սեպտեմբերի 30-ին կազմակերպվելու է «Միասնության օր».
այս մասին տեղեկացնում է «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպությունը, որն էլ միջոցառման գլխավոր հովանավորն ու կազմակերպիչն է:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն. « «Միասնության օրը» միջոցառումների շարք է, որը ներառում է իր մեջ «Art-mob» (մշակութային արագ կազմակերպվող միջոցառում) ձևաչափով անցկացվող ակցիա, «ուղիղ եթեր/on-line» հարթակ, համերգ, հարիսայի ճաշկերույթ (ավանդական ազգային միջոցառում) և «աղբահամակարգ» (բնապահպանական երեք տեսակի աղբամաններ)»:
Տեղեկացնենք, որ «Միասնության օրը» կազմակերպվում է 2011թվականից:
Միջոցառման առաջին մասում Հայաստանի տարբեր մարզերից հավաքված երիտասարդներ Սևանա լճի ափին՝ բլուրի վրա կազմելու են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզները, այնուհետև Սփյուռքից ժամանած հայ երիտասարդները կկազմեն միասնության շրջանակ`ի նշան հայկական միասնական ոգու:
Ծրագրի երկրորդ մասը կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ՀՀ օրհներգը հնչելու ժամանակ ուղիղ եթերով միջոցառմանը կմիանան տարբեր երկրներում բնակվող հայերը՝ միասնաբար հնչեցնելով հայրենի հիմնը:
Ծրագրի երրորդ մասում տեղի կունենա համերգ, որի ժամանակ տարբեր անհատների և խմբերի կողմից կհնչի հայկական երգն ու պարը:
Ծրագրի չորրորդ մասում նախատեսված է ազգային ավանդական ուտեստի ճաշակում:
Իսկ հինգերորդ մասը բնապահպանական ուղղվածություն կունենա: Տեղադրվելու են 3 տեսակի աղբամաններ, որոնք համապատասխանելու են միջազգային չափանիշներին:
Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայ հասարակության միասնականությանը:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 8:00-8:30-ն ընկած ժամանակահատվածում:մեքենաները կշարժվեն «Ալմաստ» գործարանի (ք. Երեւան, Ռուբինյանց 28) հարևանությամբ գտնվող գնացքի կայարանից:










