Գյումրի Վարդբաղի բնակիչները ապրում են սոցիալական ծայրահեղ պայմաններում (տեսանյութ)

11:06 • 26.09.12

Օրերս Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցներն անօթևան ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելել են Վարդբաղ կոչվող տնակային ավան:

 

Ինչպես տեղեկացնում են «Շիրակ կենտրոն»-ից, Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետին հարող  Վարդբաղ կոչվող  պատմական, երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքը մինչ 88-ի ավերիչ երկրաշարժը եղել է հայտնի հանգստյան և մարզամշակութային վայր:

 

Երկրաշարժից հետո այնտեղ կառուցվել են մի քանի տնակային ավաններ, իսկ այնուհետև հատվել են հազարավոր ծառեր: Այդ վայրը հարուստ է նաև տասնյակ բնական աղբյուրներով ու առվակներով: Կենտրոնից հայտնում են, որ այս վայրը դեռևս պահպանում է իր կանաչ ու գեղեցիկ տեսքը և կարող է հետերկրաշարժյան տարիներին «քաղաքի հայրերի» ձեռքով հանգստյան գոտիներից ամբողջովին զրկված քաղաքի ու նրա բնակիչների համար ծառայել որպես հանգստի լավագույն վայր:


Սակայն, Կենտրոնի աշխատակիցներն իրազեկում են, որ ներկայումս քաղաքից կտրված Վարդբաղ գնացող ճանապարհն ամբողջովին քարուքանդ է, իսկ ձմռան ամիսներին` նույնիսկ անանցանելի: Տարածքի մի մասն էլ ցանկապատված և բաժանված է մի խումբ մարդկանց միջև:


Վարդբաղի տնակային ավաններում բնակվող ընտանիքների մեծ մասը, նախորդ մի քանի տարիներին, բնակարաններ ստացել, տնակները քանդել ու հեռացել է այդ վայրից:


Սակայն, ըստ Կենտրոնի տրամադրած տեղեկատվության, դեռևս տասնյակ տնակներ կան, որոնցում բնակվող ընտանիքները չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Ի դեպ, նրանցից շատերն ապրում են սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում:

 

 

Այս առնչությամբ ««Շիրակ կենտրոնը» ներկայացնում է իրավիճակը պատկերող տեսանյութ: