ՌԴ Բալթյան նավատորմը հաջողությամբ փորձարկել է «Տոչկա» տեսակի հրթիռը

22:42 • 26.09.12

Ռուսաստանում հաջողությամբ է անցել ռազմավարական «Տոչկա» հրթիռի փորձարկումը, որը իրականացվել է Կալինինգրադի երկրամասում Բալթյան նավատորմի հրթիռային զորավարժությունների շրջանակներում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:


«
Ռազմավարական հրթիռը, իրականացնելով բալիստիկ հետագծով թռիչքը, հաջողությամբ խոցել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետը: Թիրախի խոցման ճշտությունը կազմել է 97%, խոցման մակերեսը` մոտ 7 հեկտար»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարությունում։

«Տոչկա» հրթիռի այս մեկնարկը Կալինինգրադի մարզում առաջինն է վերջին երեք տարիների ընթացքում:

Հրթիռային համալիրը նախատեսված է կետային, քիչ տեսանելի թիրախների` հետախուզա-գրոհային համալիրների, կառավարման կետերի, ռազմաբազաների, օդուժի կայանատեղիների, վառելիքի պահեստների և հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող այլ կարևոր օբյեկտների ոչնչացման համար:

«Տոչկա»-ին ընթացքից մեկնարկի նախապատրաստման համար 16 րոպե է անհրաժեշտ, իսկ մարտական պատրաստության վիճակից մոտ 2 րոպե: Համալիրի հեռահարությունը 70-120 կմ է կազմում: