Սպանդ Դամասկոսի մերձակայքում
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում տասնյակ սիրիացիներ դարձել են կառավարական ուժերի զոհը, հաղորդում է Interfax-ը՝ Սիրիայում մարդու իրավունքների լոնդոնյան դիտորդական խորհրդի հայտարարության հիման վրա:
Ըստ այդմ՝ Սիրիայի բանակը սպանել է ավելի քան 40 մարդու: Ակտիվիստները միջադեպն անվանել են «իսկական արյունալի սպանդ»: Այս առիթով ակտիվիստները նման հայտարարություն են արել. «Բաշար Ասադ, անիծվես դու: Ինչ է անում այս բռնապետը»:
Ըստ աղբյուրի՝ Ալ- Դիյաբիա տեղանքի փողոցներում տասնյակ դիակներ են ընկած: Ավելին՝ ակտիվիստները պնդում են, որ Ալ- Դիյաբիայի զոհերի թիվը կարող է հասնել 107-ի: Պաշտոնապես հաստատվել է միայն 40 հոգու մահը:
Սիրիական մեդիաոլորտում արտասահմանյան ԶԼՄ-ների գործունեության արգելքի պայմաններում հակասական տեղեկատվության իսկությունը ճշտելն անհնարին է, ընդգծում է աղբյուրը:










