Ալմեյդան իտալական ֆուտբոլի մասին սկանդալային գիրք է գրել
Արգենտինացի Մաթիաս Ալմեյդան հրատարակել է իր ինքնակենսագրականը, որտեղ պատմում է Իտալիայում իր կյանքի մասին, որն ընդգրկում է «Լացիոյում», «Պարմայում», «Բրեշիայում» և «Ինտերում» խաղալու տարիները: Ֆուտբոլիստն իր գրքում անդրադարձել է դոպինգային սկանդալներին, պայմանավորված խաղերին և տեղական մաֆիայի հետ խնդիրներին:
Գրքի անվանումն է՝ «Ալմեյդա. կյանքն ու հոգին»: Շարադրված իրադարձությունները փաստարկվում են լուսանկարներով: Այդպես, օրինակ, «Պարմային» և կաթիլային ճանապարհով մարզիկների օրգանիզմ ներթափանցած դոպինգին վերաբերող բաժնում վկայակոչվում է մի լուսանկար, որտեղ Ֆաբիո Կանավարոյին առաջնության խաղի նախաշեմին հեղուկ են ներարկում:
«Պարմայում» մեզ կաթիլներ էին տալիս խաղից առաջ,-գրքից մեջբերում է «ESPN»-ը,-Մեզ ասում էին, որ դրանք վիտամիններ են, բայց խաղադաշտ դուրս գալուց առաջ տրիբունաների ստորին հատվածում ես անհավանական բարձր ցատկ կատարեցի: Հիմա ես հասկանում եմ, որ դա ինչ-որ դոպինգ է»:
Ալմեյդան վստահեցնում է, որ ոչ մի համաձայնություն չի եղել՝ մարզիկների արյան մեջ նման ներարկումներ անելու առումով, ֆուտբոլիստներին ոչ ոք չի հարցրել: «Խաղացողները երբեք հարցեր չեն տալիս»,-հայտարարում է հեղինակը:
«Վերջին տարիներին հաճախակիացել են այն դեպքերը, երբ խաղացողները մահանում են սրտի խնդիրների պատճառով, տառապում են մկանային և շատ այլ ցավերից,-ասվում է գրքում,-Կարծում եմ, որ այդ ամենն ուղիղ կապ ունի ի հետևանք այն միջոցների, որոնք նրանք անգիտակցաբար օգտագործել են»:
Բացի այդ, Ալմեյդան պատմել է «Պարմայի» նախկին նախագահ Ստեֆանո Տանցիի հետ փոխհարաբերությունների մասին՝ հընթացս ակնարկելով, որ վերջինս կապ ուներ տեղական մաֆիայի հետ:
«Մի անգամ ես ու Տանցին վիճեցինք, իսկ մի քանի օր անց իմ նոր մեքենան կորավ հենց ավտոտնակից,-գրում է նախկին ֆուտբոլիստը,-Սավո Միլոշեվիչը նույնպես ինչ-ոչ պատճառներով կոնֆլիկտ ունեցավ ակումբի նախագահի հետ, ինչից հետո նրա հետ ևս տեղի ունեցավ այն, ինչ ինձ հետ էր կատարվում»:
Մարզիկը հայտարարել է, որ այդ դեպքերի պատճառով իր կնոջ մոտ վաղաժամ ծննդաբերություն եղավ:
«Մի անգամ կինս տուն գալով՝ ինչ-որ ձայներ է լսում սենյակում: Նա փախչում է փողոց, ոստիկանություն կանչում,-պատմվում է ինքնակենսագրականի մեջ,-Դրանից հետո մաֆիան մեքենայի յուղով հաղորդագրություն է թողնում պատի վրա: Այդ ամենը հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության, և երբ ես մեկնեցի 2002 թ. Աշխարհի առաջնությանը մասնակցելու, արդեն գիտեի, որ չեմ վերադառնա «Պարմա»:
Գրքում հիշատակումներ կան նաև պայմանավորված խաղերի, մասնավորապես, 2000/01 թթ. մրցաշրջանի վերջին տուրի՝ «Պարմայի» և «Ռոմայի» միջև հանդիպման մասին, որտեղ դեղնա-կապույտները 1:3 հաշվով պարտվեցին և առաջին տեղը զիջեցին «Յուվենտուսին»:
«Որոշ թիմակիցներ «Ռոմայի» հետ խաղից առաջ մոտեցան ինձ և ասացին, որ պետք է պարտվել,-պատմում է Ալմեյդան,-Ես ու ֆուտբոլիստների մեծամասնությունը մերժեցինք, բայց խաղի ընթացքում, նկատելով, որ ոչ բոլորն են ամբողջ ուժով խաղում, փոխարինում խնդրեցի ու գնացի հանդերձարան: Չեմ կարող ասել, որ գումար էր առաջարկվել, նրանց խոսքով՝ դա ընդառաջում է»:
Ներկայումս Ալմեյդան արգենտինական «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչն է:










