Իրաքի վարչապետը չի ընդունել թուրք գործընկերոջ՝ Անկարա այցի հրավերը
Իրաքի վարչապետ Նուրի ալ- Մալիքին չի ընդունել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցի հրավերը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը:
Թուրքական լրատվամիջոցներն օրեր առաջ հաղորդել էին, որ Էրդողանը հրավեր է փոխանցել ալ-Մալիքիին: Թուրք վարչապետի այս նախաձեռնությունն ուշադրության է արժանացել վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին։ Անկարան մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել Բաղդադի ներկայիս կառավարության քաղաքականությունից:
Այս տարվա գարնանն Էրդողանը հայտարարել էր, որ «ալ-Մալիքիի պահվածքը բացասաբար է ազդում Իրաքում վիճակի կայունացման գործընթացի վրա»:
«Իրավիճակն այս երկրում ոչ մի լավ բան չի խոստանում: Հատկապես դա վերաբերում է վարչապետի պահվածքին՝ ինչպես կոալիցիայի անդամների հանդեպ, այնպես էլ Իրաքի ներքին գործընթացների»,- ասել էր նա:
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են նաև այն բանից հետո, երբ սեպտեմբերի սկզբին Թուրքիան հայտարարեց, որ չի հանձնի Իրաքի փոխնախագահ Թարիկ ալ-Հաշիմիին, ով փախել էր Անկարա և հեռակա կարգով մահվան դատապարտվել Բաղդադում:










