Երևանյան «Նեմո» դելֆինարիումը վերսկսում է ներկայացումները

19:13 • 27.09.12

Երևանյան «Նեմո» դելֆինարիումը սեպտեմբերի 29-ից կվերսկսի իր ներկայացումները. այս մասին Tert.am-ին հայտնեց դելֆինարիումի տնօրեն Նատալյա Սամարեցը:


«Դելֆինարիումի առաջին ներկայացումը կլինի ամսի 29-ին, ժամը 13:00-ին, երրորդը 16-ին և նաև օրվա վերջին՝ ժամը 19:00-ին»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ներկայացումը կտարբերվի նախորդից, քանի որ խումբը դելֆինների և փոկի հետ միասին նոր է:


«Ուկրաինայից Երևան նոր խումբ է եկել, նոր եվրոպական հյուրախաղային ծրագրով՝ նոր դելֆիններով ու նոր մարզիչներով, ինչը նշանակում է, որ դելֆիններն ու փոկը նոր հնարքներով կներկայան»,- ավելացրեց նա:


Նատալյա Սամարեցի խոսքով՝ երևանյան ներկայացումներն ընդհատվել էին ապրիլի վերջից, քանի որ դելֆիններն իրենց խմբի հետ գնացել էին հյուրախաղերի Ռուսաստանի Դաշնություն, Անապա քաղաք, որտեղ և ըստ նրա, այս պահին շարունակում են իրենց աշխատանքը:


Տնօրենը հերքեց մինչ այս բնապահպանների տարածած այն տեղեկությունները, թե դելֆիններին տեղափոխել էին, քանի նրանք հիվանդացել էին, իսկ հիվանդության պատճառը եղել էր Դելֆինարիումի ոչ համապատասխան պայմանները:


«Ոչ, դա սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Դելֆինների հետ ամեն ինչ լավ է, նրանք ողջ և առողջ են և շարունակում են իրենց համարները ցուցադրել արդեն այլ քաղաքում»,- ասաց նա և նշեց, որ, ըստ էության, սա ծովային կենդանիների խմբերի փոփոխություն է:


«Սա որոշակի չափով կրկեսի նման է, երբ մի կրկեսային խումբ գալիս է ներկայացումներ տալիս, ապա որոշ ժամանակ հետո գնում այլ քաղաք: Գրեթե նույն ձև էլ մեզ մոտ է: Մենք փոխանակում ենք ծրագրերը տարբեր քաղաքներում»,- ասաց նա:


Նատալյա Սամարեցի խոսքով՝ խմբի նոր ծրագիրը կոչվում է «Ծովային տաղանդներ», իսկ կարգախոսն է՝ «Բացահայտեք ձեր տաղանդը մեզ հետ»:


Դելֆինարիումի տնօրենը հստակ պատասխան չտվեց, թե գոհացնում է իրենց երևանյան ներկայացումներին հաճախելիությունը. «Ոչ մի տեղ հենց այնպես չի լինում, և հասկանալի է, որ դժվարություններ կան, հարցերը շատ են, որոնք և մենք փորձում ենք լուծել»,- ասաց նա:


Վերջում տեղեկացրեց, որ հստակ չեն կարող ասել, թե ծրագիրը Երևանում որքան ժամանակ կներկայացվի: «Երեք ամիս, գուցե, կես տարի, ամեն ինչ կախված է ներկայացումներին հաճախելիությունից: Հետո այս ծրագիրը կգնա այլ երկիր, այլ քաղաք, իսկ թե երբ՝ հստակ չէ: Կտեսնենք ինչպես կլինի, նոր ծրագրեր կլինեն, թե նույնը կրկնվի ևս կես տարի, դեռ հաստատ չգիտենք»,-ասաց նա: