Սարգսյան–Ծառուկյան բանակցություններ չկան, բայց շփումներ կլինեն. Խոսրով Հարությունյան

12:08 • 27.09.12

Լուսանկարը՝ PanArmenian Photo–ի

 

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին հայտնի չէ, թե արդյո՞ք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միջև բանակցություններ են վարվում, սակայն Tert.am–ի հետ զրույցում նա ասաց, թե նրանց միջև, անպայման, շփումներ կլինեն:


«Քիչ հավանական եմ համարում, որ ԲՀԿ-ն իր քաղաքական կշիռով ու ազդեցությամբ պատրաստ և ունակ է նախագահ Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը նախապայմաններ թելադրել»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ այդ շփումները երկու կուսակցությունների երկարաժամկետ շահերի ծիրում են:


Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում թերթի աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը դրված է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում։


«Հայկական ժամանակ»-ի տեղեկատվության առնչությամբ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ ազգային համաձայնության կառավարության գաղափարը Անկախության 20-ամյա պատմության ընթացքում շատ հաճախ քննարկումների առարկա է դարձել, նաև ավելացրեց, որ իրապես, նման կառավարություն ձևավորվում է երկրի ներքաղաքական խորը ճգնաժամերի պայմաններում, «հանրային կյանքի անշրջելի ու կործանարար զարգացումների դեպքում», ինչը Խոսրով Հարությունյանն այսօր չի տեսնում:


«Հետևաբար, կարող է խոսք գնալ այնպիսի մի կառավարության ձևավորման մասին, որում հնարավորինս ազդեցիկ, փորձառու, հմուտ քաղաքական ուժեր են ներգրավված, բայց ոչ թե հատկապես ազգային համաձայնության կառավարություն: Այ, ես էսպես եմ հասկանում»,- մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

 

Ի պատասխան հարցին, թե բացառո՞ւմ է ազգային համաձայնության հենքի վրա նման կառավարության ձևավորումը, հաշվի առնելով ներկայիս արտաքին քաղաքական մարտահրավերները՝ սահմանակից Իրանի շուրջ անհասկանալի վիճակը կամ արցախյան պատերազմի վերսկսման հնարավորությունը, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ նման հանգամանքների դեպքում այդ խնդիրները ոչ այնքան պետք է լուծի կառավարությունը, որքան նախագահի շուրջ ձևավորվելիք ինչ-որ կառույց, որն իր լիազորություններով շատ մոտ կլինի Անվտանգության խորհրդին կամ օպերատիվ շտաբի:


«Ըստ իս՝ Կառավարությունը նման պայմաններում կարող է դառնալ լոկ որոշում կայացնող մարմնի որոշումներն իրականացնողը»,- ասաց Խոսրով Հարությունյանն ու հիշեցրեց, որ նման կառույցների գործունեության փորձ Հայաստանն ունեցել է 90-ականներին՝ արցախյան պատերազմի ժամանակ, երբ Անվտանգության խորհուրդն ընդլայնվեց ու համալրվեց նոր անդամներով:


Այն, որ կա ԱԽ-ի ընդլայնման մտադրության, Խոսրով Հարությունյանին հայտնի չէ: