Հունգարիան, ճանաչելով ԼՂՀ–ը, կնվազեցնի իր իսկ ստեղծած լարվածությունը. Կիրո Մանոյան

14:37 • 27.09.12

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ՝ եթե Հունգարիան իրոք զղջացել է Սաֆարովի արտահանձնելու հարցում, անհանգստանում է միջազգային և ներքին ճնշումներից և ուզում է հարցն արագ փակել, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը: 


ՀՅԴ ներկայացուցչն ասաց, որ կցանկանար, որպեսզի այդ մասին նաև բացեիբաց հայտներ ՀՀ Արտգործնախարարությունը, փոխանակ ասելու, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար պետք է սպասել այդ երկրի կոնկրետ քայլերին՝ և առանց նշելու, թե որոնք են այդ քայլերը։


«Մեր կարծիքով այդ կոնկրետ քայլերը համարժեք պետք է լինեն այն քայլին, որ Հունգարիան ձեռնարկեց, հատկապես Արցախի հարցում: Այսինքն՝ այն վտանգը, որ իրենց քայլով բարձրացրեցին Արցախի խնդրում լարվածությունը, պետք է քաղաքական դիվանագիտական խնդրով նվազեցնեն: Իսկ դա առաջին հերթին այն է, որ նրանք պետք է ճանաչեն ԼՂՀ ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի կիրառման փաստը»,-ասաց նա:


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպում Կիրո Մանոյանը չի կանխատեսում:


«Երկու նախագահների հանդիպումից առաջ ԱԳՆ նախարարների հանդիպումը պետք է հարցական համարել, քանի որ ի՞նչ կարելի է խոսել պետության հետ, որը նման քայլերի է գնում: Նախագահների մակարդակով հանդիպում պետք է բավական երկար սպասվի, որովհետև գնալ և ի՞նչ խոսել Ալիևի նման նախագահի հետ»,- նշեց նա:


Կիրո Մանոյանը միաժամանակ չբացառեց Արցախի բանակցային ձևաչափի փոփոխություն, ինչը, նրա խոսքով, այդքան էլ դրական չի կարող լինել, քանի որ սխալ կլինի, եթե դադարեցվեն բոլոր գործընթացները և փորձ արվի «նոր սկիզբ դնել այս անհասկանալի գործընթացում»:


«Փաստը ցույց է տվել, որ զբաղվելով այս հարցով 20 տարի, նաև Մինսկի խմբի համանախագահներն են հասկացել, որ հարցի կարգավորումը կարող է լինել մեկ դեպքում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս»,- ասաց նա և նշեց, որ փորձել փոխել նաև հարցի լուծման ատյանը՝ նշանակում է, որ ևս 20 և ավելի տարիներ սպասել, որ նոր ատյանը այդ բանը հասկանա: