Ռուսաստանն Ասադին ապաստան չի տրամադրի. Լավրով
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցը չէ։ Այս մասին ամերիկացի հեռուստալրագրող Չառլի Ռոուզին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես հայտնում է infox.ru-ն, նախարարը բացառել է նաև Մոսկվայի կողմից Սիրիայի նախագահին ապաստան տրամադրելու հնարավորությունը:
«Մենք չենք ասում, որ նա է այն մարդը, ով կարող է ղեկավարել նոր Սիրիան»,- ասել է Լավրովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար ամենից կարևորն այն է, որ սիրիական ճգնաժամը չվերածվի միջկրոնական պատերազմի: Իսկ ներկայիս պայմաններում, ըստ նրա, նման զարգացում Սիրիայում միանգամայն հնարավոր է:
Պատասխանելով այն հարցին՝ կընդունի արդյոք Ռուսաստանը Սիրիայի նախագահին, եթե նա, այնուամենայնիվ, որոշի լքել պաշտոնը, Լավրովը բացասական պատասխան է տվել:
«Ինչպես ասացի, նա եղել է այլ երկրների ընկերը՝ Սիրիայից դեպի հյուսիս-արևմուտք ընկած երկրների»,- նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ եթե Ասադը որոշի հեռանալ, դա կլինի նրա որոշումը:
«Սակայն մենք նրան չենք ասի, որպեսզի նա հեռանա։ Ոչ թե նրա համար, որ նա անփոխարինելի է։ Մեզ համար կարևոր չէ, թե ով կկառավարի Սիրիան, քանի դեռ այն ժողովրդավար է, ազատ ու հարմարավետ բոլոր ազգային փոքրամասնությունների համար»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։










