Տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նախորդին հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները և գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:
Միաժամանակ, նախագահը նշել է, որ կան նաև չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ: Ըստ երկրի ղեկավարի՝ նոր կառավարությունը պետք է օբյեկտիվորեն գնահատի ձեռքբերումները և կատարի համապատասխան հետևություններ և ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել մեր հասարակության առջև ծառացած խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:
Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, որոնք առաջիկա տարիներին կհանդիսանան մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:
Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության և կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան մեր սեփական կադրային բանկի հիմքը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներին: Նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն մեր հանրապետության համար այս կարեւոր բնագավառներին:
Նախագահ Սահակյանը մեր բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար:
Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:
Նախագահն իր՝ որպես մարդու, և որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջև ծառացած խնդիրները բարդ են, բայց և միանգամայն լուծելի:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ելույթ ունենալով կառավարության անդրանիկ նիստում, ասել է, որ ԼՂՀ նոր կառավարությունն իր պարտականություններին ձեռնամուխ է լինում շատ ավելի լուրջ հանձնառությամբ և պատասխանատվության առավել մեծ բեռով. «Վստահ եմ, որ կառավարական ներկա ներուժը լիովին բավարար է` լուծելու գործադիր իշխանության առջև դրված խնդիրները:
Վարչապետը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանք է սկսվել ի մի բերելու կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը: Ըստ վարչապետի, այդ ծրագրում առաջնահերթ տեղ կհատկացվի ոչ միայն նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներին, այլև ինչպես նաև քաղաքական ուժերից և հասարակական շերտերից ստացված հիմնավոր գաղափարներին ու առաջարկություններին: «Կարծում եմ` ԱԺ-ում ներգրավված քաղաքական ուժերը կպաշտպանեն մեր նախաձեռնությունները, և համատեղ ջանքերով դրանք կյանքի կկոչենք»:
Վարչապետն ասել է, թե երկրի սոցիալ-տնտեսական և մյուս ասպարեզներում զգալի առաջընթացի համար ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ, որոնք կառավարության կողմից կուղղվեն ճիշտ նպատակակետների վրա. «Կառավարության գերագույն խնդիրը կլինի Արցախը դարձնել բարեկեցիկ ու լիովին անվտանգ երկիր, ուր մեր քաղաքացիները լիարժեք ու ժամանակակից կյանքով ապրելու հնարավորություն ունենան»:
Արա Հարությունյանը նաև վստահեցրել է, որ.«Գործադիր իշխանությունն իր աշխատանքը կդարձնի առավել թափանցիկ ու հետևողական, հասանելի կլինի հանրության համար: Մենք պարտավորություն ունենք մեր գործունեությունը ծավալել այնպես, որ արժանանանք հասարակության լայն վստահությանը, իշխանությունն ու հանրությունը հանդես գան որպես գործընկերներ` վստահելով և սատարելով միմյանց»:










