Ջավախահայերը բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում (տեսանյութ)
Ջավախահայերը բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը տեղակայված ՌԴ-ում Վրաստանի շահերի սեկցիայի շենքի մոտ:
Ինչպես տեղեկացնում է www.1aitv.ru ինտերնետային հեռուստատեսությունը, հայերը ցանկացել են օգտվել Վրաստանում առաջիկա ընտրությունների առիթից (կանցկացվեն հոկտեմբերի 1-ին) և լսելի դարձնել ջավախահայերի ձայնը, սակայն վրացական սեկցիան անգամ չի բացել դռները և չի ընդունել հայերի դիմումը:
Դիմումի մեջ հայերը բարձրաձայնել են Ջավախքի հայերի խնդիրների մասին: Որպես առաջնահերթություն՝ նշվել է ազատ ընտրությունների անցկացումը, ինչն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն կտա ներկայացված լինել խորհրդարանում, վերականգնել հայոց լեզվի դասաժամերի քանակը դպրոցներում, վերադարձնել խորհրդային տարիներին առգրավված հայկական եկեղեցիներն ու մատուռները, վերացնել հայերեն դասագրքերի, գրականության և մամուլի հրատարակության արգելքը:
Ներկաների խոսքով` Ջավախքի բնակչության մեծ մասը, հատկապես երիտասարդությունը, արտագաղթել է, սակայն ընտրություններից հետո Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «կնկարի թվեր» և ցույց կտա, թե ջավախցիները 100%-ով ընտրել են իշխող կուսակցությանը։










