Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

10:29 • 27.09.12

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու-Յորք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:


Հանդիպման օրակարգում եղել է Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը և ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:


Համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը: