Սոբչակի 1,5 մլն եվրո վերադարձվել է
Մոսկվայի քաղաքային դատարանը վերադարձրել է ռուս հաղորդավարուհի` ընդդիմադիր Քսենյա Սոբչակի փողերը, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքին: Հիշեցնենք, որ մոտ 1,5 միլիոն եվրո 2012 թ. հունիսի 11-ին առգրավվել էր վերջինիս տան խուզարկության ժամանակ: Ինքը` Սոբչակը դեռ չի հաստատել այս տեղեկությունը, սակայն հայտնել է, որ իր փաստաբաններին ծանուցել են գումարը վերադարձնելու մտադրության մասին: Ինչպես նշում է ՔԿ-ն, անցկացված հարկային ստուգման արդյունքում պարզվել է, որ Սոբչակը հարկերից չի խուսափել, ինչը և անհրաժեշտ էր ապացուցել:
Նշենք, որ հաղորդավարուհին դատարանի միջոցով փորձել էր ետ ստանալ գումարը , սակայն և՛ շրջանային, և՛ Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել էին վերջինիս պահանջները` պատճառաբանելով, որ Սոբչակը կարող է օգտագործել այն զանգվածային անկարգությունների ֆինանսավորման նպատակով: Սոբչակը պնդում էր, որ քննությունը թողել է իրեն առանց միջոցների և նա ստիպված է եղել պարտքով գումար վերցնել իր ընկերներից:
Հիշեցնենք նաև, հունիսի 11-ին «Բոլոտնոյի գործի» շրջանակներում խուզարկումներ են անցկացվել են Քսենյա Սոբչակի, Ալեքսեյ Նավալնու, Իլյա Յաշինի և այլ ընդդիմադիրների բնակարաններում: Առգրավվել էին ոչ միայն Սոբչակի, այլ նաև Նավալնու փողերը, սակայն վերջինիս քննիչը վերադարձրել էր առգրավված գումը դեռ սեպտեմբերի 5-ին:










