Սիրիացի դասալիքները հետ են վերադառնում կառավարական բանակ

01:03 • 27.09.12

Դամասկոսում երեկ տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի ֆորումի ժամանակ «Սիրիական ազատ բանակի» մի խումբ բարձրաստիճան սպաների հայտարարությունը մեծ անակընկալ է դարձել: 


Նրանք հայտարարել են, որ հեռանում են զինված ընդդիմության շարքերից և հրաժարվում են իշխող վարչակարգի դեմ պայքարից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ալ-Քուդս ալ-արաբի» ինտերնետային գործակալությանը:


Այսպես կոչված «Սիրիական ազատ բանակը», որը սիրիական ընդդիմության մարտական թևն է համարվում, կազմված է, մասնավորապես, դասալիք զինծառայողներից, որոնք երկրում սկսված հակամարտության ընթացքում փախել են Սիրիայի բանակից:


«Մենք հայտարարում ենք զինված պայքար մղելուց հրաժարվելու մասին` համոզվելով նրանում, որ սիրիացիների կողմից սիրիացիների դեմ զենքի կիրառումը չի կարող կարգավորել երկրում տիրող ճգնաժամը», - մի քանի սպաների անունից ֆորումի ժամանակ հայտարարել է գնդապետ Խալեդ ազ-Զալեմը` «Սիրիայի ազատ բանակի» Սիրիայի հարավային գոտու ռազմական խորհրդի ղեկավարը:


Գնդապետ Խալեդ ազ-Զալեմի խոսքո` սիրիացի զինծառայողները, ովքեր նախկինում դասալքել են և համալրել «Սիրիական ազատ բանակը», հասկացել են իրենց սխալը և վերադառնում են սիրիական կառավարական զորքերի հրամանատարության տակ` իրենց բոլոր նախկին զինակից ընկերներին կոչ անելով հետևել նույն օրինակին և վերադառնալ «հայրենիքի գիրկը»: