Տալինում նշվել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը

09:34 • 27.09.12

Սեպտեմբերի 25-ին Տալինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգույի (խորհրդարանի) նախագահ Էնե Էրգման, Էստոնիայի փոխարտգործնախարարը, կառավարության անդամներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարարներ, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից: 


Ընդունելության ժամանակ ելույթով հանդես է եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, որը ներկայացրել է պետականաշինության գործում Հայաստանի անցած ճանապարհը, ինչպես նաև անդրադարձել հայ-էստոնական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:


Ընդունելության ժամանակ հնչել են հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ: