Հայ զինծառայողները մասնակցել են ԱՄՆ ականազերծման ուսուցողական ծրագրին

11:27 • 27.09.12

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի գեներալ–մայոր Լիի Տաֆանելին և ՀՀ Պաշտպանութան նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 27-ին հետևել են, թե ինչպես են Մարդասիրական ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի 22 զինծառայողներ և քաղաքացիական մասնագետներ մասնակցում ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին։

 

Ըստ Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ Ռազմական Համագործակցության գրասենյակի և Եվրոպական Հրամանատարության կողմից ֆինանսավորված ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով և սարքավորումներով:


Ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է սեպտեմբերի 17-ից 28-ը և նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման և մաքրման հմտությունների զարգացմանը:


Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ և ականազերծման գործիքներ:


Ուսուցողական ծրագիրն իրականացնում են Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի ներկայացուցիչները և ԱՄՆ Մարդասիրական ականազերծման և ուսուցողական կենտրոնի մեկ քաղաքացիական ներկայացուցիչ: