Մոսկվայում հայ լրագրող Ասլանյանի վրա հարձակվողը 18-ամյա իսլամիստ է
Մոսկվայի Նագատինսկի դատարանը արտոնել է ձերբակալել Կամոլիդդին Համիդովին, ով մեղադրվում է «Մայակ» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների թղթակից Սերգեյ Ասլանյանի վրա հարձակում կատարելու մեջ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը
«Դատարանը, 1994թ. ծնված Կամոլիդդին Համիդովի նկատմամբ որպես խափանման միջոց 28 օրվա կալանք է սահմանել», - ասել է դատարանի մամլո քարտուղար Իրինա Կոժբակովան:
Համիդովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով (քաղաքական կամ կրոնական անհանդուրժողականության դրդապատճառներով դիտավորյալ առողջությանը թեթև վնաս հասցնել):
Կասկածյալը թաքնվում էր հայրենիքում` Ղրղըզստանում: Օրերս իրավապահները տեղեկացել էին, որ նա անձնական գործերով Չելյաբինսկ է ժամանել և հանգստյան օրերին նա ձերբակալվել էր:
Հիշեցնենք , որ մայիսի 28-ին Մոսկվայում իր բնակարանի մուտքի մոտ Ասլանյանը դաժան հարձակման զոհ էր դարձել. նրան զանգահարել էին տան հեռախոսահամարով և խնդրել ցած իջնել: Բնակարանից դուրս գալուն պես հարվածել էին լրագրողի գլխին, ապա մկրատով 15 հարված հասցրել:










