Barev, Armenia! Հայաստանը՝ ըստ Huffington Post-ի (լուսանկարներ)

10:17 • 28.09.12

Ամերիկյան Huffington Post լրատվական կայքը սեղմ անդրադարձ է ներկայացրել Հայաստանի մասին, որում բացատրում է, թե որտեղ է գտնվում Հայաստանը և որ Քարդաշյաններն աշխարհի ամենահայտնի, բայց ամենատիպիկ հայերը չեն:

 

Հոդվածագիրը՝ գրող, բլոգեր Բեթի Լոնդերգանը, այսպես է սկսում իր անդրադարձը. «Ես մարդկանց ասում էի, որ Հայաստան եմ գնում, ամենից հաճախ հարցնում էին. «Վաու, ըըը… իսկ դա որտե՞ղ է»:

 

«Աշխարհագրության դաս» տալով՝ հեղինակը նշում է, որ Հայաստանը «քրիստոնեության լաստանավն է մուսուլման երկրների ծովում» (հոդվածագիրը կարծես այդ թվին է դասում նաև Վրաստանին – Tert.am): Նշվում է նաև Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը:

 

Ըստ Լոնդերգանի՝ Հայաստանն «առեղծվածային վայր է»: «Հարձակումների հետքերով քրիստոնեական հուշարձանները Հայաստանի հպարտությունն են, ինչպես նաև՝ նվաճողների՝ անվերջ թվացող շքերթի վկայությունը», իսկ հայերի հավատն «օբսիդիանի քարի պես կայուն է»:

 

«Եվ չնայած Քարդաշյանները, անկասկած, աշխարհի ամենահայտնի հայերն են,նրանք տիպիկ հայկական էություն չունեն (ներիր, Քիմ), չնայած շատ գեղեցիկ հայուհիներ եմ տեսել ժամանակակից մայրաքաղաք Երևանում: Անկեղծ ասած, բարդ է հայի էությունը հստակ հասկանալը, քանի որ դա  լի է խորը հակասություններով»:

 

Հոդվածագիրը նշում է նաև. «Հայերն անչափ հպարտ են, բարձրագույն կրթություն ունեն և հյուրընկալ են՝ ակնկալածիցդ անասելի շատ… Չնայած տնտեսական մարտահրավերներին, Հայաստանը, հազիվ թե, ճնշող երկիր է: Մեկ բանի շնորհիվ՝ երկիրը չքնաղ է: Սնունդն անհավանական է, չնայած մարդիկ պինդ են (ստիպված են եղել այդպիսին լինել), նաև ուրախ,  սիրում են այգեգործությամբ զբաղվել, ուտել, զրուցել և ողջունել այցելուներին»:

 

Հեղինակը նշում է նաև Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, ներկայացնում է ուշագրավ լուսանկարներ:

 

«Նույնիսկ նրանց քրիստոնեական խաչը չի պատկերում խաչված Քրիստոսին, որովհետև հայերը հավատում են հարությանը, ոչ տառապանքին»: