Նացիստների կողմից գողացված «երկաթե Բուդդան» տիեզերական ծագում ունի
Տիբեթից գողացված Բուդդայի հանրահայտ արձանիկը քանդակվել է երկնաքարից: Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian թերթը, գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ արձանիկի ստեղծման համար նյութ է հանդիսացել նիկելով հարուստ երկաթի չափազանց հազվադեպ հանդիպող հատուկ տեսակը, որը պարունակվում է երկնաքարերում:
Գիտնականները գտնում են, որ երկնաքարը, որը նյութ է հանդիսացել արձանիկի պատրաստման համար, Երկրի վրա է ընկել մոտ 15 հազ. տարի առաջ, Մոնղոլիայի և Սիբիրի միջև ընկած տարածքում: Ընկնելով՝ այն բաժանվել է 250 կտորի, որոնցից ոմանք այժմ գտնվում են մասնավոր հավաքածուներում:
Ինչպես մանրամասնում է «Ինտերֆաքս»-ը, «երկաթե Բուդդայի» արձանիկը կշռում է 10կգ, իսկ բարձրությունը 24 սմ է: Համարվում է, որ արձանիկը պատկերում է հյուսիսի բուդդայական արքա Վայշրավանին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանիկը Տիբեթից գողացել էր նացիստների արշավախումբը, որն Ասիայում արիական ռասայի արմատներ էր փնտրում: Բուդդայի փորի վրա պատկերված է սվաստիկա՝ հաջողության հնագույն խորհրդանիշը, որն օգտագործվել է նացիստների կողմից:










