Մահացել է ՊՆ–ին պատկանող մեքենայում վթարված ևս մեկ զինվոր
Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհին սեպտեմբերի 24–ին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած 10 զինծառայողներից երկրորդը ՝ Հարություն Կիրակոսյանը ևս մահացել է:
Նա, հիշեցնենք, ստացել էր առավել ծանր վնասվածքներ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մյուս զոհվածը շարքային Գոռ Գալստյանն էր, ով գիտակցության չգալով, մահացել էր սեպտեմբերի 25-ին՝ «Արմենիա» հիվանդանոցում։
ՊՆ մեքենայում գտնվող մնացած ինը զինծառայողները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Արծրուն Հովհաննիսյանն այսօր ևս բավարար որակեց շարքայիններ՝ Վահե Խաչերյանի, Արգիշտի Շահվելյանի, Գեղամ Սահակյանի, Հայկ Ա Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Երիցյանի վիճակը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված է քրեական գործ ՝ Քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապեր ավագ սպա Մերի Սարգսյանը Tert.am–ին հայտնեց, որ այս քրեական գործով ձերբակալվածներ չկան, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ավտովթարից տուժել էին 3 զինվորներ, որոնցից մեկը` Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում էր մահացել։










