Հայտնի են Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները
Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ին, արդեն 10-րդ անգամ տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, տեղեկացնում են կենտրոնից:
Պետական գերատեսչություններից մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվել է ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am-ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք։
Հասարակական կազմերպություններից և լրատվամիջոցներից մրցանակը հանձնվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն և CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։
Լրագրողներից մրցանակը շնորհվել է Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)`որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող։
Այս տարի առաջին անգամ չի շնորհվել մրցանակաբաշխության բացասական մրցանակը՝ ժանգոտ կողպեքը:
«Արդեն 10 տարի է՝ սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Հայաստանում անցկացվում է «Ոսկե բանալի, Ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը, -նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին: Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին»,– ասել է նա։
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Այս տարի ԻԱԿ-ի հատուկ մրցանակը շնորհվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Գործողությունների պլանի մշակման և ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։










