Հալեպում հայուհի է զոհվել` դստեր հետ. թեթև վնասվել է նաև Կիլիկյան վարժարանի շենքը

14:38 • 28.09.12

Հալեպի Գյուլբենկյան դպրոցի մոտ սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայուհի է զոհվել` մանկահասակ դստեր հետ:  Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր տեղեկությունը, որ նույն պայթյունի հետևանքով զոհվել է Վարդան Մութաֆյանը, ով Հալեպ էր ժամանել Դեյր էզ Զոր քաղաքից:

 

Զոհված հայուհին Մարիա Աղազարյանն է, ով ամուսնացած էր տեղացի քրիստոնյայի հետ և հայ համայնքի ներկայացուցիչ չի համարվում: Այդ է պատճառը, որ Առաջնորդարանը նրա մահվան լուրն ուշ է ստացել:

 

Այսօր տեղեկություն էր տարածվել նաև, որ ռումբի մի կտոր հարվածել է Կիլիկյան վարժարանին, ինչի հետևանքով շենքը վնասվել է:


Վարժարանի պատասխանատուները հաստատեցին լուրը` նշելով, սակայն, որ վնասն այնքան չնչին է, որ կարելի է անգամ չհիշատակել: