Նյու Յորքում քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորմանը ադրբեջանահունգարական գործարքի հասցրած վնասը
Սեպտեմբերի 27-ին կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Զրույցի ընթացքում քննարկվել է ադրբեջանահունգարական գործարքի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը:
ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձել են նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, ինչի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը աջակցություն է հայտնել կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իռլանդական նախագահության նախաձեռնություններին:
ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկել են նաև ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը:
Էդվարդ Նալբանդյանի և Սլովենիայի արտգործնախարար Կարլ Էրջավեչի հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարների փոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:
Նախարարները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Կարլ Էրջավեչը տեղեկացրել է իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և դրա հետևանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը:
Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքները, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի և Բութանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդել է երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:
Զրույցի ընթացքում նախարարները կարևորել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը և բարեկամական փոխգործակցության ձևավորմանը:
Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել է Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին:
Արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին:
Մոնտենեգրոյի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նեբոյշա Կալդերովիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, գործարար կապերի խթանմանը, ապակենտրոնացված համագործակցությանը: Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել միմյանց մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրելու վերաբերյալ:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին Ֆրանսիաի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից տրված ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՖՄԿ անդամ երկրների արտգործնախարարներ:










