Հայտնի է դարձել «Օսկարին» ներկայացվելիք հայաստանյան ֆիլմը (տեսանյութ)
«Հայաստանը Օսկարին կներկայանա դրամայով». գրել է բրիտանական Screen International-ը՝ հայտնելով, թե Հայաստանից ինչ ֆիլմ է ներկայացվելու Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին:
Ըստ աղբյուրի՝ այդ ֆիլմը լինելու է «Եթե բոլորը…» ժապավենը (ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկինե, պրոդյուսեր՝ Միքայել Պողոսյան):
Screen International-ը ֆիլմի առիթով մասնավորապես գրում է. «Նատալյա Բելյաուսկինեի «Եթե բոլորը...» աշխատանքը բարձր կպահի եվրասիական այդ երկրի պատիվն արտասահմանում: Իսկ դրա հյուսիսամերիկյան անդրանիկ ցուցադրությունը կլինի այն, որ դրանով կփակվի Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոնը դեկտեմբերի 1-ին»:
Ֆիլմը պատմում է Ղարաբաղի պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ ռուսահայ աղջկա անձնական դրամայի միջոցով: «Եթե բոլորը…» ժապավենը արժանացել է 2012-ի Ոսկե ծիրանի մրցանակներին:
Tert.am-ը համապատասխան մեկնաբանության համար դիմեց ՀՀ Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանին, ով հաստատեց տեղեկությունը:
Պարզվում է՝ Հայաստանը «Օսկարին» ներկայացնող ֆիլմն ընտրել է նորաստեղծ Հայաստանի ազգային կինոակադեմիան (նախագահ՝ Դավիթ Մուրադյան): Նախկինում նման գործառույթ իրականացրել է կինոգործիչների «Օսկարի» հանձնաժողովը:
Ամերիկյան կինոակադեմիան հայտը կհաստատի կամ կմերժի հոկտեմբերի 8-ին:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը «Օսկարին» ներկայանալու է ևս հայազգի ռեժիսորի աշխատանքով՝ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրով»: Դա, ի դեպ, ևս պատերազմական դրամա է:










