Ռուսաստանը կերկարաձգի Գաբալայի ՌՏԿ վարձակալության պայմանագրի ժամկետը
Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության մասին պայմանագրի ժամկետը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի Դաշնության կողմից կերկարաձգվի առավելագույնը 3 տարով, սակայն ֆինանսական պայմանավորվածություններն այդ ժամկետում կմնան նույնը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է բանակցային գործընթացին մոտ գտնվող աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել էր, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հիասթափված է ՌՏԿ վարձակալության երկարաձգման ժամկետների շուրջ բանակցություններում Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումից։ Գարնան սկզբին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Բաքուն պահանջում է բարձրացնել ՌՏԿ վարձավճարը՝ ներկայիս 7 մլն-ից հասցնելով տարեկան 300 մլն-ի։
«Ներկայում խոսք է գնում պայմանագիրը 2-3 տարով երկարաձգելու մասին՝ ներկայիս գործող չափանիշերով, այդ թվում՝ ֆինանսական»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ կայանի՝ ՌԴ կողմից վարձակալության ժամկետն ավարտվում է 2012-ի վերջին։










