Սաֆարովին վերադարձրե՛ք բանտ, որը և նրա տեղն է. սենատոր Բարբրա Բոքսեր
Ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանում կացնասպան Ռամիլ Սաֆարովին շնորհված ներման և կոչման բարձրացման առնչությամբ, գրում է Asbarez-ը: Նա կոչ է արել անհապաղ վերաբանտարկել Սաֆարովին։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Բոքսերը խստաշունչ նամակ է հղել հենց Ադրբեջանի նախագահին, որում ընդգծում է՝ «Սաֆարովի ազատ արձակումը խիստ մտահոգիչ և սադրիչ գործողություն է, որը ծառայում է միայն լարվածության սրմանն ու սպառնում Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»:
Բարբարա Բոքսերը գնահատական է տվել Սաֆարովի ազատ արձակմանը՝ դա անվանելով «հանդուգն անհարգալից վերաբերմունք օրենքի գերակայությանը»:
Հաջորդիվ պաշտոնյան Ալիևից պահանջել է «պահպանել միջազգային իրավունքի չափանիշերը՝ պարոն Սաֆարովին վերադարձնելով բանտ, որը և նրա տեղն է, այն նողկալի հանցագործության համար, որը կատարել է»:










