Լեհաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սմոլենսկի ավիավթարի զոհերի հարազատներից

15:00 • 28.09.12

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներողություն է խնդրել 2010թ.-ին Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներից: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով լեհական ռադիոյին:

 

Խորհրդարանի ստորին պալատում ելույթի ժամանակ Տուսկը ներողություն է խնդրել հարազատներից ոչ միայն աղետի, այլ նաև մարմինների ճանաչման գործընթացի ժամանակ հասցված տառապանքների համար: Նա հայտնել է, որ իր վրա է վերցնում պետական ծառայությունների կողմից վթարից հետո արված բոլոր սխալների պատասխանատվությունը:

 

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Լեհաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ վթարի զոհերից մեկին՝ Աննա Վալենտինովիչին, հուղարկավորել են այլ անունով: Նրա վերահուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: Չհաստատված տվյալներով՝ նրա փոխարեն հուղարկավորել են Թերեզա Վալևսկա-Պշիյալկովսկային:


Աննա Վալենտինովիչը խորհրդային իշխանությունների դեմ հանդես եկող լեհական «Սոլիդարնոշչ» շարժման հիմնադիրներից մեկն էր:

 

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու Տու-154 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սմոլենսկում 2010թ.-ի ապրիլի 10-ի առավոտյան: Վթարի հետևանքով զոհվել էին ինքնաթիռի 88 ուղևորները և անձնակազմի 8 անդամները: Պատվիրակությունը մեկնում էր մասնակցելու Կատինի սգո միջոցառումներին, նրա կազմում էին լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական գործիչներ: