Տիմոշենկոն ցույց է անում՝ բետոնե հատակին պառկած
Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պառկել է իր խարկովյան հիվանդասենյակի բետոնե հատակին և հրաժարվել որևէ բան անել, քանի դեռ նրան թույլ չեն տա հանդիպել ընդդիմության առաջնորդների հետ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոյին։
Սակայն նախկին վարչապետի պահանջը մերժվել է, քանի որ, ըստ Ուկրաինայի քրեական օրենսդրության, չի թույլատրվում հանդիպումներ ունենալ բուժման մեջ գտնվող ազատազրկվածների հետ։ Վերջինի հետ կարող են շփվել միայն փաստաբաններն ու բուժանձնակազմը։
Բացի այդ, բժիշկները նշել են, որ բազմաքանակ հանդիպումները վատ են անդրադառնում Տիմոշենկոյի առողջական վիճակի վրա։ Ըստ իրավապաների տվյալների՝ Խարկովի հիվանդանոցում գտնվելուց ի վեր նախկին վարչապետը 180-ից ավելի հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի անդամների, քաղաքական գործիչների և քաղաքացիների հետ։
Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման պաշտոնի չարաշահման մեղադրանքով, սակայն ողնաշարային ճողվածքի պատճառով դատավճռի հրապարակումից որոշ ժամանակ անց տեղափոխվել է հիվանդանոց։
Այժմ նրան մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու մեջ։










